Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) միակ անդամն է, որը չի աջակցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում (ՖԻՖԱ) բարեփոխումների կոչին։
Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ–ի կայքը:
Բեռլինում տեղի կունենա ՈւԵՖԱ–ի անդամ բոլոր 55 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հանդիպումը: Կազմակերպության հայտարարության համաձայն, ֆուտբոլի բոլոր ազգային ասոցիացիաները, բացի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից, պահանջում են հիմնարար փոփոխություններ, որոնք ուղղված են ՖԻՖԱ-ի բարեփոխմանը:
«Ազգային ասոցիացիաները կրկին հայտարարել են ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ անվստահության մասին: Միայն ինստիտուցիոնալ բարեփոխումները բավարար չեն լինի։
ՖԻՖԱ–ն նաև նոր ղեկավարության կարիք ունի՝ հարգված և միավորող գործիչ, որը խորապես արմատավորված է ֆուտբոլում, ունի պատկերացում և փորձ ղեկավարելու համար, տարբեր տարածաշրջաններում վստահություն ներշնչելու ունակություն և զարգացման, բարեփոխումների, ազնվության և անկախության անվերապահ նվիրվածություն»,– ասվում է հայտարարության մեջ: