Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին պատրաստվում է նոր ոլորտում փորձել ուժերը․ 65-ամյա դերասանը Ֆրանսիայի հարավում իտալական ռեստորան է բացում։
Նոր հաստատությունը կգործի Պրովանսի Կոտինյակ գյուղում՝ Քլունիի և նրա ընտանիքի բնակավայրից ոչ հեռու։
Ռեստորանի բացումը նախատեսվում է հաջորդ գարնանը, իսկ նախագծում դերասանը կհամագործակցի կանադացի հյուրանոցատեր Գրեհեմ Փորթերի հետ։
Ռեստորանի տարածքի վերանորոգումն արդեն սկսվել է։ Նախագծի անվանումը, խոհարարը և ճաշացանկը դեռ գաղտնի են պահվում։
Քլունին և նրա կինը՝ Ամալը, 2021 թվականին Ֆրանսիայում գինու կալվածք են ձեռք բերել, իսկ 2025 թվականի դեկտեմբերին ընտանիքը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։
Դերասանը նախկինում նշել էր, որ ընտանիքն ավելի շատ ժամանակ է անցկացնում Ֆրանսիայում՝ երեխաներին Հոլիվուդի և պապարացիների ուշադրությունից հեռու մեծացնելու համար։