Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 22:00 02-10-2026

Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հոկտեմբերի 25-ին Արթիկ համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցում է 4 քաղաքական ուժ։ Ընտրապայքարին մասնակցում են համայնքի նախկին ու գործող ղեկավարները, ինչպես նաև այլ քաղաքական ուժեր ներկայացնող թեկնածուներ։

Oragir.News-ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արթուր Աստոյանի հետ, ով Արթիկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։

«Ես 2021 թվականին մտել եմ քաղաքականություն, երբ հասկացա, որ հեղափոխությունը ճիշտ ուղղու վրա չի գնում, մարդիկ սկսել են դավաճանել հեղափոխական արժեքներին։ Ես սկսեցի ընդդիմանալ այս իշխանությանը։ Ես էլ իմ քաղաքի ապագայի համար եմ պայքարում, ինձ ոչինչ պետք չէ։ Ես, որ մի բան սկսում եմ, կիսատ չեմ թողնում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արթիկի քաղաքապետի թեկնածուն։

Անդրադառնալով ընտրական գործընթացում հնարավոր ճնշումներին՝ Աստոյանը նշում է, որ նման դեպքեր եղել են, սակայն դա չի ազդել իրենց թիմի վրա։

«Ճնշումներ կային, տարբեր խողովակներով մարդկանց վրա փորձում էին ազդել։ Բայց մենք հավաքեցինք սկզբունքային թիմ։ Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ես ճնշվող տղա չեմ»,- ասում է նա։

Արթուր Աստոյանը նաև ներկայացնում է, թե ինչ է պատրաստվում անել քաղաքապետ ընտրվելու դեպքում։ Նրա խոսքով՝ առաջին քայլերից մեկը լինելու է համայնքապետի աշխատավարձից և ծառայողական մեքենայից հրաժարվելը։

«Իմ ընտրվելու դեպքում առաջին բանը, որ անելու եմ՝ հրաժարվելու եմ համայնքապետի աշխատավարձից և ծառայողական մեքենայից։ Ես գալիս եմ գործ անելու, իմ համայնքը զարգացնելու նպատակով, ուրիշ ոչ մի նպատակով։ Համայնքապետի ծառայողական՝ 16 միլիոն դրամանոց ավտոմեքենան, որ տվել առել են, վաճառելու եմ ու համայնքի հոգսերից մեկը հոգամ»,- ասում է թեկնածուն։

Աստոյանը հստակեցնում է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը չի պատկերացնում։

«Բացառում եմ համագործակցություն ՔՊ-ի հետ, իսկ մնացածն էլ կապրենք, կտեսնենք, կհասկանանք»,- նշում է նա։

Խոսելով Արթիկում գործող իշխանության աշխատանքի և քաղաքի զարգացման մասին՝ քաղաքապետի թեկնածուն քննադատում է այն մոտեցումը, երբ համայնքի կառավարման արդյունավետությունը, իր խոսքով, գնահատվում է հիմնականում ասֆալտապատված փողոցների թվով։

«Զարմանալի է, որ մարդիկ 5 տարվա մեջ մի քանի փողոցի ասֆալտով են առաջնորդվում, ինչ ասեմ, թող Աստված իրենց հետ լինի։ 5 տարվա ընթացքում 3 բարեկարգված փողոցի համար մարդիկ ընտրելու են գործող քաղաքապետին, դա արդեն շատ ցավալի է։ Քաղաքի կենտրոնական ասֆալտով ոնց կարելի է որոշում կայացնել, դա աբսուրդ է ինձ համար»,- ասում է Արթիկի քաղաքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։

Անահիտ Չալիկյան