Ներքին 2 շաբաթ առաջ - 19:00 30-09-2026

Շինհրապարակնե՞ր, թե՞ «մահվան գոտիներ». ովքեր են պատասխանատու կռունկների փլուզման համար

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Շինարարական բումի հետևից վազող Հայաստանում հերթական ողբերգությունն է գրանցվել, որը ևս մեկ անգամ ջրի երես է հանում ոլորտում տիրող աղետալի վիճակն ու անվտանգության բարձիթողի նորմերը:

Սեպտեմբերի 29-ին, Երևանի Տիչինայի փողոցում կառուցվող «Դեֆանս Հաուզինգ» խոշորագույն բնակելի թաղամասի շինհրապարակում աշտարակային կռունկի փլուզման հետևանքով 3 անձ մահացել է: Զոհերից երկուսը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ էին, իսկ մեկը՝ կռունկավար, ՀՀ քաղաքացի՝ 37-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով, ըստ ականատեսների, վերջերս էր ամուսնացել:

Դեպքի առթիվ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը հանդես եկավ պարզաբանմամբ:

Դեպքի մանրամասները, մասնավորապես՝ փլուզված տեխնիկայի պատկանելիությունն ու դրա անվտանգային վիճակը պարզելու նպատակով, Oragir.News-ը կապ հաստատեց «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության հետ: Մեր այն հարցին, թե կոնկրետ որ կազմակերպությանն է պատկանում վթարված կռունկը, և արդյոք կառուցապատողը պայմանագիր կնքելիս ստուգել է այդ տեխնիկայի անվտանգային ու տեխնիկական վիճակը:

«Պաշտոնական պարզաբանման մեջ բոլոր հարցերի պատասխանը կա: Մենք կառուցապատողն ենք, այդ կազմակերպությունը եկել մեզ համար շինարարություն է անում, պայմանագրի մեջ անվտանգության բոլոր նորմերը պահպանված են: Բնականաբար, եթե այդ ծավալի աշխատանք է գնում, պայմանագիր է կնքվել և զննվել է նաև տեխնիկական վիճակը: Այս պահին քննություն է գնում, ավել բան ասել չենք կարող»,- փոխանցեցին ընկերությունից։

Հիշեցնենք, որ ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր նաև, որ երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը տեղի է ունեցել իրենց աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից սեփական աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, և մահացածները չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ի աշխատակիցներ:

Հարկ է նշել, որ շինարարական տեխնիկայի շահագործման և անվտանգության խնդիրները վերջին շրջանում հանրային հնչեղություն են ստանում:

Ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 18-ին, նմանատիպ ողբերգական պատահար էր արձանագրվել նաև Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում: Այնտեղ, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, ավտոկռունկի պոկվելու և ընկնելու հետևանքով երկու մարդ էր մահացել, ևս մեկը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Մեկ ամսվա տարբերությամբ տեղի ունեցած այս երկու դեպքերը, ըստ ոլորտի մասնագետների, ցույց են տալիս շինարարական կազմակերպությունների կողմից շահագործվող տեխնիկայի հնարավոր անսարքությունների և տեխնիկական անվտանգության կանոնների խիստ վերահսկողության անհրաժեշտությունը, ինչը պետք է դառնա պատկան տեսչական մարմինների ու իրավապահների քննության առարկան:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով