Կուբան ԱՄՆ-ի կողմից ռազմական սպառնալիքի իրականացման դեպքում վճռականորեն կօգտագործի ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը։ Այս մասին հայտարարել է Կարիբյան հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան։
«Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ռազմական սպառնալիքի վտանգը պահպանվում է»,- նշել է նախարարը՝ շաբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ընթացքում ելույթ ունենալով։ «Եթե դա տեղի ունենա, դա խայտառակություն կլինի (ԱՄՆ-ի համար), կհանգեցնի կուբացիների և երիտասարդ ամերիկացիների մահվան»,- ընդգծել է նա՝ վստահեցնելով, որ Կուբան «ողջ ուժով և վճռականությամբ կօգտագործի պաշտպանվելու իր օրինական իրավունքը»։ Ռոդրիգես Պարիյան նման հնարավոր գործողությունները նաև անվանել է «միջազգային իրավունքի լուրջ խախտում»։
«Մոտ 70 տարի է՝ մենք բախվում ենք ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի, խոսքը շարունակական և անողոք թշնամանքի մասին է,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է նախարարը։- Իսկ այս տարվա սկզբից այդ ագրեսիան դարձել է ավելի դաժան և վտանգավոր՝ էներգետիկ շրջափակման պատճառով»։
«Մեր բնակչությանը աներևակայելի տառապանքներ են պատճառվում, հսկայական վնաս է հասցվում,- ընդգծել է Ռոդրիգես Պարիյան։- Եվ այս ամենի նպատակը Կուբայում հումանիտար ճգնաժամ առաջացնելն է, ինչը, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, հանցագործություն է»։ Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները «իրենց նպատակ են դրել ագրեսիայի և խեղդամահ անելու միջոցով վերահսկողության տակ վերցնել Կուբան և նրա տնտեսությունը»։
Միևնույն ժամանակ Ռոդրիգես Պարիյան վստահեցրել է, որ Կուբայի իշխանությունները «շարունակում են պատրաստ լինել երկկողմ տարաձայնությունները լուծելու նպատակով ԱՄՆ կառավարության հետ երկխոսության»։ Սակայն այդ երկխոսությունը «հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի, ինչպես նաև Կարիբյան հանրապետության ինքնիշխանության պահպանման և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա» և պետք է անցկացվի առանց նախապայմանների, ընդգծել է նախարարը։
Այս շաբաթ CBS News հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ ցամաքային զորքերի ներքին փաստաթղթին և աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Կուբայում հնարավոր ռազմական գործողության։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ԱՄՆ ցամաքային զորքերը դիտարկում են վեց տեսակի ստորաբաժանումներ ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտի տեղափոխելու հնարավորությունը։ Այդ գոտին ներառում է Կենտրոնական և Հարավային Ամերիկան, ինչպես նաև Կարիբյան տարածաշրջանը։