Ներքին 1 ժամ առաջ - 16:00 26-09-2026

Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

«Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի»։ Սեպտեմբերի 25-ին լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Սա ուշագրավ հայտարարություն է, քանի որ պատերազմից հետո Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Սյունիքի մարզի մի քանի այլ համայնքապետեր ձայնակցեցին ընդդիմադիր ուժերին, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօր Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք կազմած մասնակցում է ՏԻՄ ընտրություններին։ Ավելին՝ նա պարզ ասում է, որ կիսում է Փաշինյանի քաղաքականությունը։

Ի՞նչ է փոխվել Նիկոլ Փաշինյանի և Առուշ Առուշանյանի վարքում, որ Առուշանյանը կիսում է Փաշինյանի քաղաքականությունը։

Փաշինյանը ռեալ չի փոխվել։ Նա կուսակցություն չի փոխել։ ՔՊ առանցքային դեմքերը նույնն են, չեն փոխվել։ ՔՊ-ն շարունակում է ատել ժողովրդի մի մասին, բաժանել սևերի ու սպիտակների, առաջնորդվել նեղ, խմբային շահերով։ Օբյեկտիվ առումով ի՞նչ է փոխվել. Արցախը կրկին հայկական է դարձե՞լ, ՀՀ-ի ինքնիշխան տարածքից դուրս են շպրտվե՞լ ադրբեջանցիները, ռուս-ադրբեջանական ագրեսիվ հավակնությունները Սյունիքի նկատմամբ վերացե՞լ են։

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ևս ռեալ բան չի փոխվել։ ՀՀ-ն դուրս չի եկել ռուսական ուղեծրից, ԵՄ-ին միանալու ռեալ քայլեր չկան, ՆԱՏՕ-ին միանալու մասին խոսք անգամ չկա, նույնիսկ ռուսական բազան չեն ուզում հանել։

Փոխվել է ընդդիմադիրների նկատմամբ ՔՊ-ի վերաբերմունքը։ Երեք մեծ կուսակցությունների ղեկավարներից երկուսը բանտում են, մեկը տնային կալանքի տակ։ Փոխվել է նաև տեղական հեղինակությունների նկատմամբ վերաբերմունքը։ Նախկինում նրանք որակվում էին գող, ավազակ, նախկինների գործիք, իսկ ներկայում ակտիվ համագործակցում են։ Ենթադրելի է, որ նրանց անուղղակի սպառնացել են, որ եթե մերժեն ՔՊ-ի հետ գործակցելու առաջարկը, ապա կհայտնվեն բանտում։ Արդյո՞ք Առուշանյանին ևս «նա իսպուգ» կոտրել են։

ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում։ Համայնքին առնչվող քաղաքականությունը համայնքապետն է որոշում։ Այդու՝ համայնքապետը քաղաքական պաշտոն է։ Սակայն ժողովրդավարության և անկախության հակառակորդները հետևողականորեն դուրս են մղում ու ճնշում քաղաքական խոսույթը ՏԻՄ քարոզարշավում։ Ապաքաղաքական գրոհների արդյունքում համայնքապետն այսօր չի ընկալվում որպես քաղաքական գործիչ։ Բազմաթիվ համայնքապետեր ևս ցինիկաբար հայտարարում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Նրանց անունը ցուցակի առաջին տողում է, բայց նրանք նույնիսկ կուսակցական չեն դառնում։ Եթե դառնում էլ են, ապա հայտարարում են, թե ֆիկտիվ են կուսակցական դարձել կամ ֆիկտիվ կուսակցություն են գրանցել որպես ընտրություններին մասնակցելու գործիք։ Իսկ ՔՊ-ն, չկարողանալով վերացնել ապաքաղաքական այս մոտեցումը, գործակցում է այս լավ տղաների հետ։

Տեղական հեղինակություն է նաև Առուշ Առուշանյանը։ Նա ժողովրդականություն է վայելում Գորիսում և հարակից բնակավայրերում։ Տևական ժամանակ զբաղեցնելով համայնքապետի պաշտոնը, նա կառավարման հմտություններ է ձեռք բերել, լավ գիտի համայնքի կարիքները, պոտենցիալը, խնդիրների լուծման տարբերակներն ու բանալիները։ Սա նրան դարձնում է ցանկալի դաշնակից ընտրություններում։

Ամփոփելով դարձյալ հիշենք, որ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի հրաժարական պահանջելու և 2026-ի սեպտեմբերի 25-ին Փաշինյանի քաղաքականությունը կիսելու մասին հայտարարություններն իրարամերժ են։ Եթե նրան վերաբերվենք որպես քաղաքական գործչի, ապա ակնհայտ է, որ նա 180 աստիճանով փոխել է իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ։ Այսինքն՝ որպես քաղաքական գործիչ՝ Առուշ Առուշանյանը անսկզբունքայնություն է դրսևորել։ Իսկ եթե նա քաղաքական գործիչ չէ, քաղաքական սկզբունքներ չունի, ապա կարող են ասել, որ նա ճկունություն է դրսևորել՝ գործակցելով օրվա իշխանության հետ։ Բայց եթե նա քաղաքական գործիչ չէ, ապա ազնիվ չէ համայնքապետի պաշտոնին հավակնելը, քանի որ համայնքի ղեկավարը, ի պաշտոնե, քաղաքական գործիչ է։

Կարճ ասած՝ Առուշ Առուշանյանի այս անսկզբունքայնությունը վտանգավոր է։ Ժողովուրդն ընդօրինակում է քաղաքական պաշտոնյաների, այդ թվում՝ համայնքապետերի վարքը։ Եվ մարդիկ ևս կարող են ընդօրինակել և անսկզբունքայնություն դրսևորել, ինչը կարող է առաջացնել բարոյական քաոս և կոտրված հասարակություն։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում