Արտաքին 1 ժամ առաջ - 00:01 27-09-2026

Լավրովը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ Իսլամաբադի հուշագրի պայմանավորվածություններին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է քննարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի հուշագրին վերադառնալու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը կնքվել էր ամենաբարձր մակարդակով և «ազնիվ գործարք» էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Չէ՞ որ կար նաև Իսլամաբադի հուշագիրը, որը պարունակում էր կոնկրետ պայմանավորվածություններ։ Այն ստորագրվել էր ամենաբարձր մակարդակով», — ասել է Լավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների մասին մամուլի ասուլիսում։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հենց այն փաստը, որ փաստաթուղթը ստորագրվել է ամենաբարձր մակարդակով, վկայում է այն մասին, որ կողմերը գիտակցաբար համաձայնել են դրա պայմաններին։

«Մենք կարծում ենք, որ Իսլամաբադի հուշագիրը, ինչպես ընդունված է ասել, ազնիվ գործարք էր։ Եվ եթե այն ստորագրել են ամենաբարձր մակարդակով, ուրեմն, հավանաբար, դա արել են գիտակցաբար։ Այդ դեպքում ինչո՞ւ չվերադառնալ դրան», — հայտարարել է Լավրովը։

Հունիսին ԱՄՆ-ը և Իրանը, Պակիստանի միջնորդությամբ, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանանը։
Սակայն արդեն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանի դեմ։ Միաժամանակ, Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ Հորմուզի նեղուցին վերաբերող հատվածում։
Լավրովը կարծում է, որ նախորդ պայմանավորվածությունները կարող են հիմք դառնալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև նոր կարգավորման համար։