Ներքին 1 ժամ առաջ - 16:00 24-09-2026

Ինչու է Պապիկյանն անձամբ ստուգում իրականացնում, այլ գործ չունի՞

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Փորձագետները նկատում են, որ նախարար Սուրեն Պապիկյանի այցերը զորամասեր և պաշտպանական դիրքեր վերահսկողության մարմինների փաստացի բացակայության վկայությունն են։ Այսինքն՝ այդ այցերի կարիքը չէր լինի, եթե Ռազմական վերահսկողական ծառայությունն ու Ռազմական ոստիկանությունը ստուգումները պատշաճ ու ժամանակին իրականացնեին։

Ինչո՞ւ է նախարարն անձամբ գնում դիրքեր, զորամասեր և ստուգումներ իրականացնում։

Բանն այն է, որ բանակում վերջին շրջանում շատ են դժբախտ դեպքերը, ինքնավնասումները, սպանությունները, ինքնասպանությունները, ոչ կանոնադրային դրսևորումները։ Եվ նախարարն անձամբ է ստուգումներ իրականացնում, որ տեղերում վախեցնի հրամանատարներին, որ վերջիններս ավելի զգոն լինեն, հետևեն կարգապահությանը, թույլ չտան դժբախտ դեպքերի կրկնությունը։ Ենթադրելի է, որ նախարարը հրամանատարներին սպառնում է լուրջ պատժել, եթե իրենց մոտ նման բաներ լինեն։ Եվ իրոք, Պապիկյանի այցերից հետո դժբախտ դեպքեր չեն լինում։ Այսինքն՝ Պապիկյանի սպառնալիքներն արդյունք են տալիս։

Փորձագետների գնահատմամբ՝ Ռազմական վերահսկողության ծառայությունը և Ռազմական ոստիկանությունը վերափոխման, արդիացման կարիք ունեն։ ՀՀ բանակը նոր համազգեստ ունի, որ ՆԱՏՕ-ականի նման է, սակայն վերահսկության հարցում մնացել է խորհրդային բռնազավթման տարիների հետամնաց մակարդակին։ Եթե վերահսկողություն իրականացնող կառույցներն էլ բարեփոխվեն, արդիացվեն ու բարձրացվեն ՆԱՏՕ-ի մակարդակի, ապա գուցե կարիք չլինի, որ նախարարը հաճախակի այցելի զորամասեր։

ՊՆ–ին ենթակա մարմիններից զատ կան նաև գործադիր իշխանության այլ մարմիններ, մասնավորապես՝ Պետական վերահսկողական ծառայությունը, որին ևս կարելի է ներգրավել բանակային ստուգումներին, որ Պապիկյանը զբաղվի պաշտպանական քաղաքականության որոշմամբ, այսինքն՝ իր բուն գործառույթով, ոչ թե անձամբ զորամասեր այցելելով և կարգապահություն ստուգելով։

Փորձագետները հարց են բարձրացնում, թե ինչքա՞ն կարող է շարունակվել Պապիկյանի ամենօրյա ստուգայցերը։ Չէ՞ որ նախարարը չի կարող թողնել իր բուն գործառույթները, ընկնել դիրք առ դիրք, զորամաս առ զորամաս ստուգումներ անել։

Ենթադրելի է, որ այս իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ ստուգումներ ու վերահսկողություն իրականացնող մարմինները չեն վերափոխվել և օժտվել իրական լիազորություններով։ Ինչպես նախարարն է սաստում հրամանատարներին, այնպես էլ Ռազմական վերահսկողության ծառայությունը կարող է օժտվել նման լիազորությամբ։ Եթե Ռազմական վերահսկողության ծառայողն արձանագրի, որ այսինչ զորամասում այսինչ կարգապահական խնդիրները կան, ապա հրամանատարն անմիջապես պետք է պատժվի։ Նույնպես ՌՈ-ն կարող է ընդլայնել իր կառույցն ու ամեն զորամասում ունենալ ռազմական պարեկ, որի վրա կդրվի հանցագործությունները կանխելու գործառույթ։ Նա ամեն օր պարտավոր կլինի զեկուցել վերադասին, թե ինչ հանցագործություններ է կանխել, կանոնադրային ինչ խախտումներ է վերացրել, քրեական ենթամշակույթի իր դրսևորումներ է չեզոքացրել։

Իհարկե, մարդկանց շատ է հուզում բանակում դժբախտ դեպքերի հաճախակի կրկնությունը։ Սակայն Պաշտպանության նախարարությանը հասցեագրվող հանրային ակնկալիքները մեծ մասամբ վերաբերում են խոստացված բարեփոխումներին։ Պարտություններից հետո բազմաթիվ վախեր ու մտահոգություններ կան հանրության շրջանում։ Դրանք կարող են փարատվել, եթե իրականացվող բարեփոխումների մասին պարբերաբար հաշվետվություններ ներկայացվեն։ Ի՞նչ են անում բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Համակարգային ու կառավարման ի՞նչ արդիացում են իրականացվում, ե՞րբ է սերժանտական կառավարումը բարեփոխվելու, ինչո՞ւ մարտի կառավարման թվային համակարգեր չեն ներդրվում։ Ընդհանրապես՝ ՆԱՏՕ-ականի նման համազգեստից բացի ի՞նչ ռեալ քայլեր են արվել։ Այսօրինակ հաշվետվությունները կբարձրացնեն բանակի հանդեպ վստահությունը, որ ենթադրյալ ագրեսիայի ժամանակ Հայաստանը կարող է պաշտպանվել։

Կարճ ասած՝ Պաշտպանության նախարարությունը մի ճար պետք է գտնի և Սուրեն Պապիկյանին ազատի ամենօրյա ստուգայցերից, որոնք ոչ միայն ժամանակ ու էներգիա են խլում, այլև նախարարին շեղում են իր բուն պարտականությունների կատարումից՝ պաշտպանական քաղաքականություն որոշելուց, բարեփոխումներ մշակելուց և իրականացնելուց, որոնք կբարձրացնեն բանակի մարտունակությունը և հույս կներշնչեն, որ պետությունն ու ժողովուրդը հուսալիորեն պաշտպանված են։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված