Ներքին 1 ժամ առաջ - 17:36 11-09-2026

Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Պակիստանի առաջին դեսպանին

Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։
Ողջունելով դեսպանին՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Ընդգծվել է Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգը զարգացնելու կարևորությունը և այդ հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել այդ նպատակով նախանշված քայլերին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Ավելի վաղ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է դեսպան Շաֆքատ Ալի Խանին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի և Պակիստանի միջև 2025թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հիման վրա, երկու երկրների կառավարությունների կողմից կարևոր քաղաքական որոշում էր:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ երկկողմ իրավապայմանագրային բազայի ձևավորման միջոցով:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման գործում ՀՀ մոտեցումները: