Ներքին 1 ժամ առաջ - 18:33 11-09-2026

Աշակերտների դեգրադացման մեղավորները պարգևավճար կստանան

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագրի պաշտոնական տվյալներով Հայաստանը սոսկալի հետ է հարևան երկրներից։

Այս խայտառակ ձախողումից հետո կլինե՞ն հրաժարականներ կամ պաշտոնանկություններ։

PISA-ն հանրակրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային ծրագիրն է, որով ստուգում են 15 տարեկան աշակերտների՝ մաթեմատիկա, ընթերցանություն, բնագիտություն առարկաներից ստացած գիտելիքները և իրական կյանքում գիտելիքը կիրառելու կարողությունը։ Հայաստանում գնահատումն իրականացվել է 2025 թ. մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։

Մաթեմատիկա առարկայից ստուգվում է՝ կարողանո՞ւմ է աշակերտը մաթեմատիկական գիտելիքը կիրառել իրական խնդիրների լուծման համար։ Ընթերցանությունից պարզում են՝ կարո՞ղ է պատանին հասկանալ, վերլուծել և համադրել տարբեր տեքստերից ստացված տեղեկությունները։ Բնագիտություն առարկայից՝ կարողանո՞ւմ է գիտելիքը կիրառել երևույթներ բացատրելու համար։

Հայաստանում արձանագրվել է սոսկալի պատկեր։

Ընթերցանությունից Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19 տոկոսն է հասել նվազագույն մակարդակին, որը PISA-ն անհրաժեշտ է համարում տեքստը հասկանալու, հիմնական միտքը գտնելու և պարզ եզրակացություն անելու համար։ Մաթեմատիկայից միայն 28 տոկոսն է հասել նվազագույն պահանջվող մակարդակին՝ կարողանալով կիրառել ստացած մաթեմատիկական գիտելիքները խնդիրներ լուծելիս։ Բնագիտության պարագայում՝ 26 տոկոս։

Վրաստանը և Ադրբեջանը Հայաստանից առաջ են։ Մեծ է տարբերությունը ընթերցանության մեջ՝ Հայաստանի 19%-ի դիմաց Վրաստանում 39%, Ադրբեջանում՝ 35%։

Ինչո՞ւ են այսպիսի խայտառակ ցուցանիշներ ստացվել, և ո՞վ պատասխանատու։

Տրամաբանորեն կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսը չի աշխատում, ուսուցիչների վերապատրաստումն արդյունք չի տալիս, գեղեցիկ ու հարմարավետ դպրոցներում սովորելը դրական չի անդրադառնում առաջադիմության վրա, հայտարարված կրթական բարեփոխումները, դպրոցներում նոր մոտեցումների կիրառումը լուրջ առաջընթաց չեն ապահովում։

Հետևաբար՝ ազնիվ ու պրագմատիկ կլինի, որ հանրակրթության քաղաքականություն որոշողները հրաժարական տան, ընդունեն իրենց ձախողումն ու դադարեն մսխել հարկատուների միջոցները, խոստովանեն, որ չեն կարողացել լուրջ արդյունքներ ապահովել և լավատեսորեն հրաժարական տան՝ հույս արթնացնելով, որ նոր պատասխանատուները կհաջողեն, և սովորողների առաջադիմությունը կբարձրանա, Հայաստանը առաջ կանցնի հարևան երկրներից։

Իսկ եթե ՔՊ-ական պատասխանատուները, քաղաքականություն որոշողները հրաժարական տալու մարդասիրական խիզախություն չգտնեն, ապա այս սարսափելի դեգրադացիան կարող են պատճառաբանել, թե՝ հայ երեխաները բութ են ու շատակեր, ուսուցիչները՝ անբան ու փողասեր։ Խեղճ Նիկոլն ի՞նչ անի։

Իշխանամետ վերլուծաբաններն էլ կարող են լրացնել, թե նախկինների օրոք ժողովրդի սոցիալ-հոգեբանությունը խեղվել է, կտրվել իրականությունից։ Կոպիտ ասած՝ նախկինում ժողովուրդը դեբիլացել է, այդ պատճառով երեխաները հիմա չեն կարողանում դպրոցում ստացած գիտելիքը կիրառել, լուծել պարզ խնդիրներ։ Ավելին՝ ՔՊ-ական մահապարտ քարոզիչները կարող են ասել, թե կրթության ոլորտում, դպրոցներում շատ են նախկինների համակիրները, որոնք շարունակում են դեբիլացնել աշակերտներին, որ ՔՊ-ի կրթական բարեփոխումները ձախողվեն, աշակերտները պարզ խնդիրներ չկարողանան լուծել, աշխարհով մեկ խայտառակ լինեն։

Դավադրության տեսության կողմնակիցներն էլ կարող են ավելի հեռուն գնալ՝ ենթադրելով, թե նախկինները միտումնավոր են վատ սովորեցրել աշակերտներին, դեբիլացրել և շարունակում են դեբիլացնել ժողովրդին, որ մարդիկ չկարողանան հասկանալ քաղաքական ռեալությունը և ընտրեն Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից մատնացույց արված ռուսամետ ուժերին, որ Հայաստանը մնա ռուսական ուղեծրում, չզարգանա, ազատ, ժողովրդավարական երկիր չդառնա։

Այս վարկածն արտաքուստ տրամաբանական է թվում։ Եթե հասարակության մեջ շատանան լավ սովորող և ողջախոհ մարդիկ, որոնք կարողանում են կիրառել դպրոցում ստացած գիտելիքը, վերլուծել, համադրել ստացած տեղեկությունները և եզրակացություններ անել, ապա Փաշինյանը և նրա աճեցրած ընդդիմությունը չեն կարող մոլորեցնել ժողովրդին ու վերընտրվել։ Պարզ խնդիր լուծելու ունակություն ունեցողները կընտրե՞ն պարտված, ձախողված, աղետներ պատճառած ու պետությունը ռուսական սայլին կապած պահող Նիկոլ Փաշինյանին ու նրանից ավելի ռուսամետներին։ Իհարկե՝ ոչ։

Պարզ ասած՝ ենթադրելի է, որ ՀՀ կրթության պատասխանատուները ոչ թե պաշտոնանկ կարվեն PISA-ի հրապարակած սոսկալի տվյալների պատճառով, այլ պարգևավճարներ կստանան, որ շարունակեն նույն տեմպով դեգրադացնել աշակերտներին։
Թաթուլ Մկրտչյան