Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 58 րոպե առաջ - 19:51 07-09-2026

«Սահմանազատում չկա, մենակ տալն է»․ քաղաքացիները՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հետագա ընթացքի վերաբերյալ վերջին շրջանում տարբեր հայտարարություններ են հնչում։

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ սահմանազատման գործընթացի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերն ու ընթացակարգերը համաձայնեցված են, իսկ սահմանազատման հետագա աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան մասնագիտական խմբերի միջոցով։

Վերջին օրերին հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել Սյունիքի Կոռնիձորի հատվածը։ Սեպտեմբերի 6-ին հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական կողմը փորձում է առաջանալ։

Ավելի ուշ Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը պարզաբանել է, որ իր խոսքը վերաբերում էր տարիներ առաջ տեղի ունեցած դեպքին, և այս պահին հատվածում իրավիճակը հանգիստ է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս հերքել է ադրբեջանական առաջխաղացման մասին տեղեկությունը։

Այս ֆոնին Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներին հարցրել է՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մի քանի տարի է՝ չի ավարտվել։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին․ ոմանք գործընթացի ձգձգումը կապում էին արտաքին ուժերի ազդեցության հետ, մյուսները պնդում էին, որ սահմանների հարցում իշխանությունները զիջումների են գնում։

«Այդպիսի բան չկա՝ սահմանազատում, սահմանագծում։ Զիջում, անընդհատ զիջում է։ Այդ ձևով լրիվ Հայաստանը կնվիրի»:

«Ամերիկան է միակ պատճառը։ Ամերիկան, մեկ էլ Եվրոպան՝ Եվրամիությունը։ Էլ ի՞նչ է կոչվում, մեծերին հարցրեք»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիներից մեկն էլ քննադատեց իշխանությունների քաղաքականությունը՝ նշելով, որ չի հասկանում, թե ինչ գործընթաց է իրականացվում. «Մեր իշխանությունները… ես իրենց քաղաքականությունից բան չեմ հասկանում ընդհանրապես։ Ինչ են անում՝ ոնց որ աչքակապություն լինի, բացարձակորեն։ Սահմանազատում, ի՞նչ սահմանազատում։ Այնտեղ մենակ տալն է»:

Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով սահմանների հարցին, ասաց, որ, իր կարծիքով, խնդիրն ավելի շատ քաղաքական կամքի բացակայությունն է․ «Ես հասարակ քաղաքացի եմ։ Այս պահին թող կառավարությունը որոշի, էլի, թե որն է ճիշտը։ Ճիշտ է, խանգարողներ շատ կան։ Կառավարությունը լավ է աշխատում, բայց խանգարողները շատ են»:

Մեկ այլ քաղաքացի իր խոսքում անդրադարձավ նաև Նոյեմբերյանի և Ոսկեպարի հատվածներին՝ ներկայացնելով իր անձնական հիշողություններն ու ադրբեջանցիների հետ ունեցած շփումները․

«Ես հենց Նոյեմբերյանում, Ոսկեպարում եմ… Ասում են՝ Վերին Ոսկեպարի գյուղից յոթ կիլոմետր հեռու ինչ-որ տեղ գրավեցին։ Ներքևից գալիս էին մեր գյուղի ծառերը… Այդտեղից Շնող գյուղի վրա հարձակվելու էին։ Մուստաֆան, որ այնտեղ կա, մեր գյուղում է ծնվել։ Հորը, մորը շատ լավ ճանաչում եմ։ Հոր անունը Աբդուլլա է, մոր անունը՝ Մահուզար։ Նրանց խանութը մեր տան մոտ էր՝ իմ հայրական տան մոտ։ Ես 64 տարի է՝ դուրս եմ եկել այդտեղից»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին

Ձեզ գուցե հետաքրքրի