Ներքին 3 ժամ առաջ - 14:35 05-09-2026

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել

«News.5tv.am»-ի ունեցած տեղեկություններով Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից:

Ի սկզբանե դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել:

Բայց գործը ուղարկել են դատարան և Գալստյանին փաստի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դիմում գրել ու գնալ, կա՛մ էլ գնալ դատարան, պաշտպանել ապօրինի մեղադրանքն ու մասնագիտական հանրության ու ժողովրդի աչքում հեղինակազրկվել, Գալստյանն էլ ընտրել է առաջին տարբերակը:

Մեր տեղեկություններով գործով հանրային մեղադրող է նշանակվել, ոչ ավել ոչ պակաս, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը:

Մենք դատախազությունից փորձեցինք ճշտել այս տեղեկությունները, մասնավորապես Խաչատուր Գալստյանն այժմ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ:

Դատախազությունից հաստատեցին, որ Խաչատուր Գասլտյանը այլևս չի աշխատում, հեռացել է իր դիմումի հիման վրա, սակայն հավելեցին, որ հեռանալը կապված չէ Վեհափառի գործի հետ, ասացին, որ քրեական հետապնդումը Գալստյանն է սկսել, գործը մեղադրական եզրակացությամբ ինքն է դատարան ուղարկել: