Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 19 րոպե առաջ - 19:33 03-09-2026

Դժվարություններից մարդը չպետք է չարանա, պետք է բարիանա. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հասարակության մեջ վերջին շրջանում հաճախ է քննարկվում մարդկանց միջև կարեկցանքի և փոխադարձ աջակցության նվազման հարցը։ Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչո՞վ է պայմանավորված մարդկանց շրջանում կարեկցանքի պակասը և արդյո՞ք նրանք ևս նկատում են այդ փոփոխությունը։

Քաղաքացիներից մեկը դժվարացավ որևէ պատճառ նշել՝ նշելով, որ իր շրջապատում նման փոփոխություն չի նկատել։

Մեկ այլ քաղաքացի կարծիք հայտնեց, որ մարդկանց միջև շփումների նվազման պատճառներից մեկը թվային տեխնոլոգիաների տարածումն է։ Նրա խոսքով՝ մարդիկ ավելի են մեկուսացել և սկսել են ավելի քիչ նկատել իրենց կողքին գտնվողներին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ մարդը, եթե իր բնույթով բարի է, դժվարությունները չեն կարող նրան փոխել։

«Եթե մարդն իր բնույթով բարի է, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում է և ինչ դժվարություններ է ունենում կյանքում, էլի բարի է մնում։ Այն մարդիկ, ովքեր կարեկցանք չունեն, իրենց բնույթով չար են եղել։ Դժվարություններից մարդը չպետք է չարանա, ընդհակառակը՝ պետք է բարիանա և իր տեսակին օգնի»,– ասաց նա։

Քաղաքացիներից մեկը կարեկցանքի պակասը կապեց նաև մարդկանց՝ Աստծուց հեռանալու հետ։

«Մարդիկ հեռանում են Աստծուց, սառում են նրանց սրտերը և, բնականաբար, դիմացինի նկատմամբ կարեկցանք չեն ունենում։ Երբ չկա Աստվածային սերը՝ այն, ինչ պատգամում է Տերը՝ սիրել դիմացինին այնպես, ինչպես ինքդ քեզ, այդ ամենը վերանում է։ Որքան մոտենանք Աստծուն, մեր մայր եկեղեցուն և Քրիստոսին, այնքան մեր սերը կվառվի, և մենք ինքներս կվազենք օգնելու»,– նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի հասարակության փոփոխությունը պայմանավորեց նաև մարդկանց ապրելակերպի փոփոխությամբ՝ նշելով, որ մարդիկ ավելի են կենտրոնացել նյութական և առօրյա խնդիրների վրա։

Քաղաքացիների հետ զրույցում Oragir.News-ը հետաքրքրվել է նաև քաղաքական գործիչների նկատմամբ հասարակության արձագանքներով։ Որպես օրինակ՝ նշվել է Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու դեպքը, որի վերաբերյալ քաղաքացիների մի մասը սոցիալական ցանցերում դրական արձագանք էր տվել։

«Մեծ մարդ է, բայց, ճիշտն ասած, մենք ամեն ինչ չգիտենք, այդ հարցը չենք կարող քննարկել»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ նման իրավիճակներում, մարդկային տեսանկյունից, ցանկալի է ավելի նրբանկատ մոտեցում ցուցաբերել։

«Ցանկալի է, որ ավելի նրբորեն, զգուշությամբ մոտենան այդ հարցին, բայց դա մեզ չի վերաբերում։ Դա իրենց հարցն է։ Մենք ուղղակի մեր կյանքը պետք է ճիշտ դրսևորենք այս պայմաններում»,– ասաց նա։

Քաղաքացիներից մեկը հասարակության մեջ դաժանության աճը կապեց նաև կրթության և մշակույթի դերի նվազման հետ։

«Մարդկանց մեջ պակասել է հոգու պոեզիան։ Հիմա ցանկացած աշակերտի վերցրեք, հարցում արեք՝ քանի՞ բանաստեղծություն կասի Չարենցից, ի՞նչ գիտի, ո՞վ է հեղինակը, ո՞ւմ պոեզիան է նախընտրում։ Հոգու պոեզիան է բացակայում։ Անգիր անելը, նախևառաջ, ակտիվ բառապաշար է, իսկ եթե ուսուցիչը հանձնարարում է ընտիր ստեղծագործություններ, դա նաև ճաշակ ու հումանիզմ է։ Հիմա այդ ամենը չկա, դրա համար մարդիկ այդպես դաժանացել են»,– ասաց նա։

Քաղաքական գործիչների նկատմամբ հասարակության արձագանքների մասին խոսելով՝ քաղաքացիներից մեկը կարճ ձևակերպեց իր դիրքորոշումը․ «Չարը պիտի պատժվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան