Ռազմաբազան չեն հանի, դա ուղղակի խոսակցություն է. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Բիշքեքում սեպտեմբերի 1-ին կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ֆոնին քննարկվում է նաև հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետագա ներկայության հարցը։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հնարավոր է կարճ ժամանակում Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան, և ինչպե՞ս են նրանք վերաբերվում դրա հնարավոր դուրսբերմանը։

Քաղաքացիներից մեկը կտրականապես դեմ էր ռազմաբազայի դուրսբերմանը։

«Ոչ, ոչ։ Դեմ եմ այդ ռազմաբազան դուրս բերելուն, լրիվ դեմ եմ»։

Մեկ այլ քաղաքացի ևս կարծիք հայտնեց, թե ռազմաբազայի դուրսբերումը սխալ կլինի։

«Շատ սխալ կանեն, որ դուրս բերեն։ Էդքան բան կասեմ»։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք մեկ օրում դուրս բերել ռազմաբազան, քաղաքացին պատասխանեց․

«Չէ, ո՞նց կլինի։ Այդքան զենք-զրահ կա այստեղ, մի օրում դա չի լինի»։

Մեկ այլ քաղաքացի, ընդհակառակը, կողմ էր ռազմաբազայի դուրսբերմանը և կարծում էր, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն շարժվի դեպի Եվրոպա։

«Թող շուտ հանեն, շատ ուրախ կլինենք։ Ինչքան այստեղից մաքրվեն, այնքան լավ կլինի։ Մենք լավ կլինի՝ գնանք Եվրոպայի կողմը։ Ես առաջընթաց եմ տեսնում։ Ռուսի քաշվածն ենք եղել մինչև հիմա»։

Նա նաև քննադատեց Ռուսաստանի քաղաքականությունը՝ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։

«Մինչև 2020 թվականը ես ռուսին հարգում էի, բայց 2020 թվականին, որ այդ կոտորածը եղավ, ես թքած ունեմ Պուտինի վրա։ Անձամբ ես վախենալու բան չունեմ։ Ապարանցի տղա եմ, թասիբով ասում եմ՝ թող ականջին էլ հասնի Պուտինի»։

Քաղաքացին, միաժամանակ, դրական գնահատեց Հայաստանի ներկայիս միջազգային կապերի ընդլայնումը։

«Այսօր մեր Նիկոլի կողքը ինչքան պետություն կա կանգնած։ Ո՞վ գիտեր, որ Հայաստանը գոյություն ունի։ Այսօր ես օդանավակայանին կից եմ ապրում, 30-40 ռեյս է լինում, ինքնաթիռներ են իջնում։ Դա ո՞ւմ շնորհիվ է։ Այսօր աշխարհի պետությունները Հայաստանին ճանաչում են, գիտեն, որ հայ ազգ գոյություն ունի»։

Քաղաքացիներից մեկն էլ դժվարացավ հստակ գնահատական տալ՝ նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն։

«Մի քիչ դժվար հարց է, որովհետև մենք շատ երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Ռազմաբազան հանելը որքանո՞վ ճիշտ կլինի՝ չգիտեմ»։

Մանրամասները` տեսանյութում:
Մերի Հակոբյան