Ներքին 4 ժամ առաջ - 16:31 02-09-2026

2026-ի առաջին կիսամյակում 523 377 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել


Պարեկային ծառայությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերն ու հնարավոր հետևանքները նվազեցնելու հանձնառությամբ, շարունակում է երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղությամբ թիրախային միջոցառումները։

Թեև հանրապետությունում աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանք վիրավորների թիվը, միաժամանակ զոհերի թիվը նվազել է։ Իսկ մայրաքաղաքում նվազել է և՛ վիրավորների, և՛ զոհերի թիվը։ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողները 523 377 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն են կազմել, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։

«Պարեկային ծառայությունն անում է ամեն ինչ երթևեկության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ հետիոտների անվտանգությունը ապահովելու համար, կանխում և նախականխում է հնարավորը իրավախախտումները»,- նշել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանը։

Ծառայության յուրաքանչյուր երթուղի ունի իր առանձնահատկությունները․ տարբեր են ինչպես երթևեկության ինտենսիվությունը, այնպես էլ առավել հաճախ գրանցվող խախտումները։ Պարեկային ծառայությունն աշխատանքը կազմակերպում է՝ հաշվի առնելով առկա ռիսկերն ու առաջնահերթությունները։

Պարեկային ծառայողների հասցեական միջոցառումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 11 090 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 տոկոսով ավելի։ Պարեկային ծառայողները նշում են՝ ոչ սթափ վարորդի վարքագիծը հաճախ փոխվում է ծառայողական մեքենան նկատելու պահին։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Մարիամ Կարապետյանի խոսքով՝ ոչ սթափ վարորդները փորձում են փախուստի դիմել, աննկատ մնալ: «Պարեկային ծառայողների աչքից փորձում են վրիպել, բայց միանշանակ չեն կարողանում»,- նշել է նա։

Արագության գերազանցման նկատմամբ խիստ վերահսկողությունը ևս Պարեկային ծառայության թիրախային ուղղություններից է։ 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է արագության գերազանցման 60 723 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23 տոկոսով ավելի։ Համալիր միջոցառումների արդյունքում նվազել են առանց վարորդական իրավունքի վկայականի, ԱՊՊԱ պայմանագրի, մգեցված կողային ապակիներով, տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու դեպքերը։

Պարեկային ծառայության խնդիրը քաղաքացիների նկատմամբ վարչարարություն իրականացնելը չէ, այլ երթևեկության յուրաքանչյուր մասնակցի համար ապահովել առավել անվտանգ և վերահսկելի ճանապարհային միջավայր։