Ավելին 4 ժամ առաջ - 16:02 02-09-2026

Չինաստանում կառուցել են 288 մետր բարձրությամբ լեռնային վերելակ՝ երեխաների՝ դպրոց հասնելը հեշտացնելու համար

Չինաստանի Յուննան նահանգում բացվել է հսկա՝ 288 մետր բարձրությամբ վերելակ, որն օգնում է հեռավոր Նիջուհե գյուղի երեխաներին դպրոց հասնել՝ առանց վտանգավոր և ժամեր տևող լեռնային ճանապարհը հաղթահարելու։

Այստեղ առաջին վերելակը կառուցվել էր 2022 թվականին։ Այն տեղադրվել էր գրեթե ուղղաձիգ ժայռի երկայնքով՝ կիրճի խորքում գտնվող բնակավայրից դպրոց հասնելու ճանապարհը կրճատելու համար։ Նախկինում երեխաները մոտ երեք ժամ ստիպված էին բարձրանալ դեպի տարրական դպրոց՝ իրենց հետ տանելով անհրաժեշտ իրերը և հաղթահարելով դժվարանցանելի լեռնային հատվածները։

268 մետր բարձրությամբ Ցինյունի աստիճանների վերելակը ճանապարհը կրճատեց մինչև մի քանի րոպե։ Սակայն ինժեներական կառույցը անսպասելիորեն դարձավ նաև զբոսաշրջային տեսարժան վայր, և վերելակից օգտվել ցանկացողների թիվն այնքան մեծացավ, որ դրա մոտ երկար հերթեր էին գոյանում։ Դպրոցականների համար երթևեկությունն անվճար էր, սակայն պիկ ժամերին նրանք նույնպես ստիպված էին սպասել։

Այժմ խնդիրը լուծել են հարևանությամբ կառուցված երկրորդ վերելակի միջոցով։ Նոր վերելակի բարձրությունը 288 մետր է՝ մոտավորապես 88-հարկանի շենքի բարձրության։ Այն ավելի արագ և տարողունակ է, քան առաջինը։
Դպրոց հասնելու համար երեխաները դեռ պետք է օգտվեն շաթլից և ճոպանուղուց, սակայն ամբողջ ճանապարհը այժմ տևում է մոտ 30 րոպե՝ նախկին երեք ժամի փոխարեն՝ մեկ ուղղությամբ։

Դպրոցականներից մեկը պատմել է, որ նախկինում ճանապարհը ոչ միայն երկար, այլև վտանգավոր էր․ լեռնային արահետներում հեշտ էր սայթաքել և ընկնել։