Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 11:57 29-07-2026

Մոսկվան բաց ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը

Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շաբաթներին արձանագրվող զարգացումները վկայում են, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը։ Զուգահեռաբար սահմանափակվում է ԵԱՏՄ միասնական շուկայի շրջանակներում ՀՀ համար նախկինում առկա առավելությունների գործնական կիրառումը։ Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

«Խնդիրն այն է, որ ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններում Հարավային Կովկասը վերածվել է գլոբալ մրցակցության կարևոր հարթակի, որտեղ հատվում են Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի, Իրանի և այլ դերակատարների ռազմավարական շահերը։ Ռուսաստանի համար տարածաշրջանը շարունակում է մնալ կենսական անվտանգության գոտի, մինչդեռ արևմտյան երկրները հետևողականորեն ձգտում են մեծացնել իրենց քաղաքական, տնտեսական և անվտանգային ներկայությունը տարածաշրջանում։

Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում «Միջին միջանցք» (Middle Corridor) նախաձեռնությունը, որի նկատմամբ աճող հետաքրքրություն է ցուցաբերում հավաքական Արևմուտքը։ Նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես Եվրոպան և Ասիան կապող այլընտրանքային լոգիստիկ ուղի, այլև որպես Ռուսաստանի և մասամբ Իրանի տարանցիկ ազդեցությունը նվազեցնելու ռազմավարական գործիք։ Արևմտյան քաղաքական շրջանակները բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունը շարունակում է մնալ այս նախաձեռնության լիարժեք իրագործման հիմնական սահմանափակող գործոններից մեկը։
Սովորաբար նման քաղաքական հայտարարություններին ուղեկցում են փակ դիվանագիտական բանակցություններ և գործնական քայլեր, որոնք հանրային տիրույթում ամբողջությամբ չեն բացահայտվում, սակայն կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։ Հետևաբար, կարևոր է գնահատել ոչ միայն հրապարակային հայտարարությունները, այլև այն քաղաքական որոշումները և բանակցային գործընթացները, որոնք կարող են ձևավորել պաշտոնական Մոսկվայի ներկայիս կոշտ արձագանքի հիմքերը։

Անկախ այդ գործընթացների բովանդակությունից՝ Հայաստանի համար առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ տնտեսական խոցելիության բարձր աստիճանը։ Ու վերջին ամիսներին հայկական արտադրանքի արտահանման ոլորտում ի հայտ եկած սահմանափակումներն արդեն իսկ հանգեցրել են զգալի տնտեսական կորուստների՝ բացասաբար ազդելով ինչպես արտադրող և արտահանող ընկերությունների գործունեության, այնպես էլ պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։ Միաժամանակ, առավել զգայուն է մնում ռազմավարական ներմուծումների ոլորտը։ 2025 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ցորենի շուրջ 99 տոկոսը և բնական ու հեղուկ գազի մոտ 85 տոկոսը Հայաստան ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից։ Հետևաբար, նույնիսկ սահմանափակ տնտեսական ճնշման գործիքակազմը կարող է զգալի ազդեցություն ունենալ ՀՀ ներքին շուկայի վրա։

Ուստի, եթե հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվի կամ խորանա, տեսականորեն չեն բացառվում մաքսային վարչարարության խստացումը, առևտրային լրացուցիչ սահմանափակումների կիրառումը կամ էներգակիրների գնային քաղաքականության վերանայումը։ Թեև նման սցենարների իրականացումը կախված է բազմաթիվ քաղաքական և տնտեսական գործոններից, դրանց հավանականությունը չի կարող անտեսվել տնտեսական անվտանգության տեսանկյունից։

Այս պայմաններում Հայաստանի իշխանություններին գործնականում այլևս մանևրելու լայն հնարավորություններ չեն մնացել, ուստի անհրաժեշտ է օպերատիվ և արդյունավետ որոշումներ կայացնել՝ հնարավոր քաղաքական և տնտեսական ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Հակառակ դեպքում՝ աշխարհաքաղաքական դիմակայության հիմնական սոցիալ-տնտեսական հետևանքները կրելու են Հայաստանի շարքային քաղաքացիները՝ կենսամակարդակի զգալի նվազման, պարենային անվտանգության լրացուցիչ ռիսկերի խորացման, գնաճային ճնշումների ուժեղացման և կոմունալ ծախսերի աճի տեսքով»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի