Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկն էր։ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում նրա հիշատակը հարգելու եկած քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետևյալն է ասել․ «Այս սարսափելի քաղաքական սպանությունները փոխեցին երկրի ընթացքը, և առջևում նշմարվող լույսը խավարեց։
Ոճրագործության կազմակերպիչները հայտնի են։ Ես՝ լինելով տարբեր գումարումների ԱԺ պատգամավոր, տեղեկացնեմ, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ երբեք չի մասնակցել ՀՀ ԱԱԾ-ի կամ այն ժամանակ Ազգային անվտանգության նախարարության փոխնախարարը, որպեսզի պարզաբաներ, թե ինչու էր Գրիգորյանն այդ օրը մասնակցում նիստին, և ինչպես նա անմիջապես բանակցությունների մեջ մտավ Նաիրի Հունանյանի հետ։
Ավելին՝ նա հանդես եկավ կազմակերպչի դերում՝ առանց գաղտնալսման։
Փաստորեն, անվտանգության փոխնախարարը կազմակերպում է բանակցություններ, բայց դրանք չեն գաղտնալսվում։
Մինչ օրս չգիտենք, թե ինչի մասին են խոսել Ռոբերտ Քոչարյանը և Նաիրի Հունանյանը։ Սովորաբար նման դեպքեր չեն լինում, երբ երկրի նախագահն անձամբ բանակցությունների մեջ է մտնում ոճրագործի հետ։
Նման բանակցությունները վարում է հատուկ ծառայության ղեկավարը։ Երկրի ղեկավարին վայել չէ անձամբ բանակցությունների մեջ մտնել ահաբեկչի հետ։
Այս ահաբեկչությունը կազմակերպված էր»։