Ներքին 3 ամիս առաջ - 10:00 05-07-2026

Մեր ընդհանուր առաքելությունն է, որպեսզի Սահմանադրությունը լինի ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև հանրային կյանքի իրական ուղենիշ. Խաչատուրյան

Ցանկացած իշխանություն լեգիտիմ է և ծառայում է իր նպատակին միայն այնքանով, որքանով անվերապահորեն ենթարկվում է Սահմանադրության էությանն ու սկզբունքներին:

Այս մասին նշված է Վահագն Խաչատուրյանի՝ Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում։

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետության Մայր օրենքը, որն արդեն երեք տասնամյակ Հայաստանի պետականության, իրավական համակարգի և հանրային կյանքի կազմակերպման անկյունաքարն է։

Սահմանադրությունը ամրագրում է ոչ միայն պետական իշխանության կազմակերպման սկզբունքները, այլև սահմանում այն հիմնարար արժեքներն ու նպատակները, որոնց շուրջ ձևավորվում է մեր հանրային համակեցությունը։

Այն արտահայտում է մեր պետության ինքնությունը, սահմանում է մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքները, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետության և հասարակության հանդեպ։

Այս տարիների ընթացքում մեր երկիրն անցել է բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ հաղթահարելով քաղաքական, անվտանգային և հասարակական բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ ընթացքում առավել ակնհայտ է դարձել, որ Սահմանադրության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն դրա տառով, այլև դրա ոգու հանդեպ ձևավորված հանրային ու պետական վերաբերմունքով։

Սահմանադրությունը լիարժեք ուժ է ստանում այնտեղ, որտեղ այն ընկալվում է որպես համակեցության անբեկանելի կանոն: Այս հարցում առաջնային ու բացառիկ է պետական իշխանության մարմինների պատասխանատվությունը. ցանկացած իշխանություն լեգիտիմ է և ծառայում է իր նպատակին միայն այնքանով, որքանով անվերապահորեն ենթարկվում է Սահմանադրության էությանն ու սկզբունքներին:

Միաժամանակ, Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ։ Այն պետք է ունենա ներքին կենսունակություն արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և մեր երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին։

Այդպիսի զարգացումը երբեք չի նշանակում հրաժարում հիմնարար սկզբունքներից ու պետության հիմնադիր արժեքներից։

Ընդհակառակը՝ այն հնարավորություն է տալիս պահպանել Սահմանադրության արժեքային հիմքերը՝ դրանք ներդաշնակեցնելով ժամանակի պահանջներին և հանրային կյանքի բնականոն փոփոխություններին։

Իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու արժանապատվության անխախտելիությունը, իշխանությունների հավասարակշռությունն ու փոխզսպումը շարունակում են մնալ այն անփոփոխ հենասյուները, որոնց վրա կառուցվում է մեր պետականությունը։ Հենց այդ արժեքների շարունակական ամրապնդումն է ապահովում պետության կայունությունը, հանրային վստահությունը և զարգացման հեռանկարը։

Մեր ընդհանուր առաքելությունն է, որպեսզի Սահմանադրությունը լինի ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև հանրային կյանքի իրական ուղենիշ՝ արտացոլելով հասարակության հասունությունը, պետության զարգացման ընթացքը և ապագայի հանդեպ մեր հավաքական տեսլականը։

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն, իրավունքի նկատմամբ բացարձակ հարգանք և շարունակական առաջընթաց՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր վաղվա օրվա»,- նշված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով