Ներքին 3 ամիս առաջ - 22:34 27-06-2026

Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Արթիկում ավարտվել է ավելի քան չորս տարի շարունակ գործող կոալիցիոն կառավարումը։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունները խզել են համագործակցության հուշագիրը, իսկ համայնքապետարանում ստեղծված իրավիճակի շուրջ արդեն իսկ լուրջ հարցադրումներ են հնչում։

Oragir.News-ի՝ Արթիկի համայնքապետարանի աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 24-ին կայացած ավագանու նիստի հենց սկզբում համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը հայտարարել է կոալիցիայի լուծարման մասին։ Մեր աղբյուրը պնդում է, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո նիստի հեռարձակումը դադարեցվել է, իսկ նիստը, ըստ նրա, պետք է ընդհատվեր։

«Այս ամսվա 24-ին, ավագանու նիստի սկզբում, Արտակ Հարությունյանը հայտարարում է, որ կոալիցիան լուծարվում է։ Այդ պահին հեռարձակումը անջատում են, որ փաստ չմնա։ Հայտարարությունից հետո նիստը պետք է դադարեցվեր, քանի որ Անան Ոսկանյանն այլևս համայնքապետ չէր համարվում։ Անհրաժեշտ էր արտահերթ նիստ հրավիրել և ընտրել նոր համայնքապետ ու առաջին տեղակալ։ Բացի այդ, նիստի ընթացքում ավագանու անդամների թիվը նվազել էր մինչև 13, մի քանի հարց էլ քվեարկվել է առանց քվորումի»,- պնդել է մեր աղբյուրը։

Oragir.News-ին չհաջողվեց գտնել հունիսի 24-ի ավագանու նիստի տեսագրությունը։ Արթիկի համայնքապետարանի պաշտոնական էջը մի քանի օր է անհասանելի է, իսկ YouTube-ի էջում նիստերի տեսանյութերը չեն թարմացվել։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ համայնքապետ Անան Ոսկանյանից, սակայն նա տեղում չէր։ Մեր հարցերին պատասխանեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարող Արկադի Թադևոսյանը։

«Նախաձեռնությունը եղել է «Ազատական» կուսակցության կողմից, անձամբ առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի։ Նրանք հայտարարել են, որ, հաշվի առնելով կադրային քաղաքականության և հաշվետվողականության վերաբերյալ կողմերի միջև առկա տարաձայնությունները, դադարեցնում են կոալիցիան։ Որոշումը նրանցն էր, մենք չենք ընդդիմացել և կատարել ենք այն, ինչ իրենք ցանկացել են»,- ասաց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ հայտարարության մեջ նշված «տեսակետների տարբերությունը» կարող էր վերաբերել նաև քաղաքական հայացքներին։

Վերջին օրերին մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե կոալիցիայի խզման պատճառը կարող էր լինել այն, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արտակ Հարությունյանը աջակցել է ընդդիմադիր ուժերին։ Սակայն Թադևոսյանը չցանկացավ հաստատել այդ տեղեկությունը։

«Մենք Արտակ Հարությունյանի հետ խնդիրներ չենք ունեցել։ Թե նա ում է աջակցել, կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղել իրեն։ Մենք կոալիցիան խզել ենք քաղաքակիրթ ձևով՝ առանց ավելորդ լարվածության»,- նշեց նա։

Թադևոսյանի խոսքով՝ համայնքապետարանը շարունակում է աշխատել ավագանու բոլոր անդամների հետ, իսկ Արտակ Հարությունյանի հրաժարականից հետո նոր առաջին տեղակալի թեկնածուին կորոշի ավագանին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Արթիկի համայնքապետի արդեն նախկին առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի հետ։ Վերջինս կարճ պատասխանեց.

«Ճիշտն ասած, հիմա հարմար չէ խոսել, բայց հետո բոլոր հարցերին կանդրադառնամ»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Անան Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրել էին համագործակցության հուշագիր, որի հիման վրա էլ ձևավորվել էր Արթիկի կոալիցիոն կառավարումը։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի