Ներքին 3 ամիս առաջ - 14:51 27-06-2026

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 27-ին 84 տարեկանում կյանքից հեռացել է հայ էստրադային արվեստի նշանավոր ներկայացուցիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը:

Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին՝ Սևան քաղաքում։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, ապա ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ուսմանը զուգահեռ հանդես է եկել երիտասարդական էստրադային նվագախմբերում՝ ձևավորելով իր կատարողական անհատական ոճը։

Ստեղծագործական գործունեության սկզբից նա համագործակցել է հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչների հետ և եղել բազմաթիվ հանրահայտ երգերի առաջին կատարողը։

Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսանդր Աճեմյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

1968 թվականից Ռաիսա Մկրտչյանն աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մեներգչուհի։ Նրա կատարմամբ ձայնագրվել են ավելի քան 400 երգեր, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության Ոսկե ֆոնդում։

Իր երկարամյա գործունեության ընթացքում նա արժանացել է մասնագիտական գնահատականի և բազմաթիվ պետական պարգևների, ինչպիսիք են «Մովսես Խորենացի»մեդալը, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը։

Սիրված երգչուհին մշտապես եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում և մասնակից է եղել նախարարության կողմից կազմակերպվող մշակույթի գործիչների հանդիպումներին:

Ռաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, որի ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Նա այն արվեստագետներից էր, որը ներկայացրել է հայկական երաժշտարվեստը աշխարհի լավագույն բեմահարթակներում, որոնց թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան, Քարնեգի Հոլը, Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի նշանավոր դահլիճները:

Ռաիսա Մկրտչյանի երգարվեստն առանձնանում էր քնարականությամբ, արտահայտչականությամբ և բարձր կատարողական մշակույթով։ Նրա կատարմամբ հնչած բազմաթիվ երգեր դարձել են հայկական էստրադայի դասական նմուշներ և շարունակել են սիրվել տարբեր սերունդների կողմից, իսկ հոբելյանական համերգներն ու ստեղծագործական երեկոները մշտապես արժանացել են լայն հասարակական արձագանքի՝ վկայելով երգչուհու բացառիկ հեղինակության և սիրված լինելու մասին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և երգչուհու արվեստի երկրպագուներին և տեղեկացնում, որ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Հոգեհանգստի և վեջին հրաժեշտի օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում