Ներքին 2 ամիս առաջ - 16:40 25-06-2026

Քամին ջերմոցը հիմքից պոկել և շպրտել է հարևան հողամաս. Տանձուտի ղեկավար

Մերի Հակոբյան

Լրագրող

Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում հունիսի 24-ին ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել բնակիչներին։ Ինչպես Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Տանձուտ գյուղի վարչական ղեկավար Մխիթար Պետրոսյանը, հիմնական վնասը հասցվել է խոշոր ջերմոցային տնտեսություններից մեկին։

«Անձրև գրեթե չի եղել, հիմնականում ուժեղ քամի է եղել։ Քամին մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով ջերմոցը հիմքից պոկել և շպրտել է հարևան հողամաս»,– ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ գյուղում կան նաև տանիքների վնասման դեպքեր, սակայն ամենամեծ վնասը հենց ջերմոցային տնտեսությունն է կրել։

«Մնացած վնասները համեմատաբար փոքր են։ Հիմնական խնդիրը ջերմոցն է, քանի որ դրա կառուցման համար մեծ ծախսեր են արվել, իսկ այժմ այն ամբողջությամբ վնասվել է»,- նշեց վարչական ղեկավարը։

Նրա տեղեկացմամբ՝ արդեն դիմել են համայնքային և համապատասխան կառույցներին, վնասների չափերն արձանագրվում են, որից հետո տվյալները կներկայացվեն կառավարություն։

«Դիմել ենք համայնքին, վնասները հաշվարկվում են, որ ուղարկվեն կառավարություն։ Այժմ սպասում ենք հետագա որոշումներին»,– ասաց Մխիթար Պետրոսյանը։

Մերի Հակոբյան