Ներքին Միտք 4 ամիս առաջ - 20:05 05-06-2026

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի

Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Արցախի բռնազավթումից և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո՝ հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում։ Այս ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Այս մասին ասվում է Արցախի ԱԺ նախագահի հայտարարության մեջ։

«Մտահոգիչ է, որ նախընտրական շրջանում առողջ մրցակցությունը և քաղաքական տեսակետների ու ծրագրերի ազատ ներկայացումը վերածվել են հասարակության պառակտման, ատելության քարոզի և վարչական ռեսուրսների կիրառման գործընթացի՝ ուղեկցվելով քաղաքական հետապնդումներով, ընտրովի արդարադատությամբ և ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով։

Այս ամենից զերծ չեն մնացել նաև արցախահայերը, որոնց նկատմամբ ատելության սերմանումն ու պառակտման նկրտումները շարունակվել և ավելի են սաստկացել։

Անընդունելի է ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ իրականացվող քաղաքականության քարոզչությունը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի նսեմացումն ու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերը։ Արցախի ժողովուրդը սեփական փորձով կրել է այս քաղաքականության ծանր հետևանքները։

Համոզված եմ, որ ինչպես այս ընտրություններին մասնակցող արցախահայությունը, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, կեղծիքից ու աճպարարությունից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, և հունիսի 7-ին կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը և Հայաստանի Հանրապետության համար ապահովել իրապես խաղաղ ու արժանապատիվ ապագա:

Այսուհետ ևս բոլոր հնարավոր օրինական միջոցներով հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու մեր բնօրրան վերադառնալու, մեր պետականության վերականգնման իղձերի իրականացմանը:

Պատրաստակամ ենք Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների հետ լիակատար համագործակցության՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության, մեր ողջ ժողովրդի բարգավաճման ու Հայաստանի Հանրապետության զորացման»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի