Ներքին 4 ամիս առաջ - 09:33 28-05-2026

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ։

Ավելի քան մեկ դար առաջ մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դարձավ ոչ միայն պետականության վերականգնման, այլև արժեքային փորձության օր։ Ազգային գիտակցությունը, ազատ և արժանապատիվ ապրելու կամքը թույլ չտվեցին գլուխ բարձրացնել հարմարվողականությանը, վախին, թուլակամությանը, պառակտմանը և բոլոր այն ախտերին, որոնք հուսալքություն և պարտվողականություն են սերմանում ազգի մեջ։

Մայիսի 28-ն առաջին հերթին ոգու հաղթանակ էր, որն ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով։ Օտարի լծի տակ վախվորած գոյատևելը մեռնելուց էլ վատ է, ազգուրաց, անհայրենիք ապրելը՝ ստորաքարշություն, իսկ սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելը՝ կենսական անհրաժեշտություն։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ծանր, բայց վճռական հաղթանակների խորքային իմաստը հենց սա է։

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին՝ զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական։

Փա՛ռք և պատի՛վ Առաջին Հանրապետությունն անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում։ Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։ Այս ամենի ֆոնին անիմաստ է անգամ խոսել այդ շոուի բովանդակության մասին։

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը:

Առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են: Եվ ես վերստին կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, սկիզբ դնել բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:

Մեր ժողովուրդը միայն այդկերպ կապացուցի, որ արժանի է հաղթանակած բանակ ունեցող պետության զորահանդեսին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»