Ներքին 7 ամիս առաջ - 18:17 17-03-2026

Օմանում Միրզոյանն ու Ալ-Բուսաիդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ

Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումն այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկային բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես պատմական։ Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և հատկապես ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցն արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։

Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման և առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին կայացված որոշման, ինչպես նաև մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը։

Հանդիպմանը նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։

Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։

Ընդգծելով խաղաղության կարևորությունը՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում. «Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան