Ներքին 8 ամիս առաջ - 13:36 16-02-2026

Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով․ Վեհափառ

Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով։

Ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Մեծ Պահքի առիթով ուղերձում։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Հոգու նվիրական ապրումներով վերստին մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Ներաշխարհի քննությամբ, զղջման և ապաշխարության սրբարար ճանապարհով ընթանալու ենք դեպի բերկրալի և լուսավոր տոնը մեր Փրկչի Սուրբ և Հրաշափառ Հարության։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի քարոզչությունը սկսվեց ապաշխարության կոչով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4.17): Տերունական այս հրավերին ընդառաջումն է, որ պահքը աղոթական իր խորհրդով զորացնում ու մաքրագործում է հոգին, ամրացնում որդիական կապը Երկնավոր Հոր հետ։ Ջերմեռանդ աղոթքը պիտի լուսավորի պահեցողության ընթացքը, չափավորությունը զարդարի հավատավոր անձի կենցաղավարությունը, նաև ներողամտություն դրսևորի զղջացող հոգին իր նմանի հանդեպ, ինչպես որ քաղցրորեն հորդորում է Տերը. «Ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները» (Մարկ. 11.25):

Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնությանն ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ։

Աղոթենք միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման և ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքիս համար, որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում, և բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեր Սուրբ Եկեղեցին. Ամեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում