Ներքին 8 ամիս առաջ - 12:02 09-02-2026

Բժշկական գաղտնի՞ք, թե՞ քաոս․ Արմեդում բժշկին իր պացիենտի հետազոտության արդյունքները չեն տրամադրել

Ֆեյսբուքյան գրառմամբ մի բժիշկ բարձրաձայնել է առողջապահական համակարգում առաջացած խնդրի մասին՝ նշելով, որ համընդհանուր ապահովագրության շրջանակում հիվանդին ուղեգրել է հետազոտությունների, սակայն դրանց արդյունքները հետագայում չի կարողացել տեսնել Արմեդ համակարգում։ Նրա խոսքով՝ Արմեդի օպերատորը տեղեկացրել է, որ տվյալները հասանելի չեն, քանի որ դրանք համարվում են «բժշկական գաղտնիք»։

Բժիշկը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող է բուժող բժիշկը չտեսնել այն հետազոտությունների պատասխանները, որոնց համար ինքն է ուղեգիր տվել։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է առողջապահության ոլորտի բժիշկ-փորձագետ Ծաղիկ Վարդանյանի հետ, ով մանրամասնել է, թե ինչ սահմանված կարգ կա համակարգում և որտեղ կարող է առաջանալ խնդիրը։

«Եթե բժիշկը բացել է այցը և ուղեգրել է հետազոտությունների, ապա այդ ուղեգրի շրջանակում կատարված բոլոր հետազոտությունները ներառվում են մեկ էլեկտրոնային դեպքի մեջ։ Այդ դեպքը բուժող բժշկի համար չի կարող լինել գաղտնի։ Բուժող բժիշկը իրավունք ունի տեսնել իր կողմից բացված այցի շրջանակում կատարված անալիզների, սոնոգրաֆիկ և այլ հետազոտությունների պատասխանները։ Սա գործող ընթացակարգ է։ Եթե տվյալները չեն երևում, ապա հիմնականում խնդիրը տեխնիկական կամ կազմակերպչական է։ Այսօր բազմաթիվ բժշկական կենտրոններ չեն հասցնում ժամանակին մուտքագրել հետազոտությունների պատասխանները՝ մեծ ծանրաբեռնվածության, տեխնիկական խնդիրների և մարդկային ռեսուրսի պակասի պատճառով»։

Տիկին Վարդանյանն անդրադարձել է նաև Արմեդ համակարգին.

«Արմեդը քաղաքականություն որոշող չէ, Արմեդը գործիք է։ Այն կատարում է այն հանձնարարականները, որոնք սահմանված են Առողջապահության նախարարության և առողջապահական հիմնադրամի կողմից։
Արմեդի օպերատորները հաճախ տալիս են ընդհանրական պատասխաններ։ Եթե բժիշկը տվյալ այցի հեղինակը չէ, բնականաբար, նա չի կարող տեսնել այլ բժշկի կողմից բացված այցի բժշկական տվյալները։

Պացիենտը, իր հերթին, Արմեդի պացիենտի էջում կարող է տեսնել իր բոլոր հետազոտությունները, քանի որ իր տվյալներն իր համար գաղտնի չեն։
Այս իրավիճակը համակարգի ներդրման փուլում առաջացած խնդիրների արտացոլումն է․ թվային համակարգը ներդրվել է արագ, իսկ տեխնիկական հնարավորությունները և մարդկային պատրաստվածությունը չեն հասցրել պահանջներին»։

Փորձագետի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ խնդիրը ոչ թե «բժշկական գաղտնիքն» է, այլ համակարգի կիրառման փուլում առաջացած տեխնիկական և կազմակերպչական բացերը՝ տվյալների չմուտքագրումը, ծանրաբեռնվածությունը։

«Մինչ առողջապահական ոլորտի պատասխանատու կառույցները չտան հստակ և գործնական լուծումներ, նման դեպքերը շարունակելու են կրկնվել՝ դառնալով թվայնացման ամենախոցելի կողմերից մեկը և ուղիղ ազդելով պացիենտի բուժման որակի վրա»,- նշում է Ծաղիկ Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի