Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:57 05-02-2026

Էլեկտրոնային ստորագրությունների ճգնաժամը․ անձնագրայինների հերթերը խանգարում են բիզնեսին

Oragir.News-ը տևական ժամանակ է, ինչ քաղաքացիներից ահազանգեր է ստանում՝ կապված էլեկտրոնային ստորագրությունների և աշխատավայրում գրանցումների ձգձգումների հետ։

Քաղաքացիները նշում են, որ շատ դեպքերում չեն կարողանում աշխատանքի անցնել կամ գրանցվել պետհամակարգերում՝ էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով, ինչը կապված է անձնագրայիններում առաջացած հերթերի հետ։ Նրանց խոսքով՝ ID քարտերի դիմումներն այնքան շատ են, որ էլեկտրոնային ստորագրություն ցանկացողներին պարզապես հերթ չի հասնում։

Oragir.News-ը այս թեմայով զրուցել է «Սեյֆ ինվեսթ» հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն, տնտեսագետ Սերգեյ Խաչատրյանի հետ, որը նկատում է, որ որոշում կայացնողները հաշվի չէին առել, որ Հայաստանում շատ քաղաքացիներ էլեկտրոնային ստորագրություն չունեն։

«Այդ խնդրի շուրջ մենք էլ, մեր ընկերությունն էլ առաջարկով հանդես եկել ենք, 2 անգամ պաշտոնական նամակ ուղարկել, քանի որ մի շարք քաղաքացիներ չունեն ստորագրություն, և կուտակումներ տեղի էին ունենալու։ Նոյեմբերի 1-ը մեր վերջնաժամկետն էր անհատական եկամուտների հայտարարագրման մասով, բայց շատ քաղաքացիներ էլեկտրոնային ստորագրություն չունեին։ Դա առաջացրեց բիզնեսի ռիսկեր և հարկային մուտքերի նվազում»,- նշում է նա։

Խաչատրյանը պարզաբանում է՝ ներկայիս համակարգը ստիպում է գործատուին կա՛մ ընդունել աշխատողներին առանց էլեկտրոնային ստորագրության՝ սեփական ռիսկերի հաշվին, կա՛մ չընդունել՝ զրկելով մարդկանց աշխատանքից։

«Բիզնեսը ստիպված է իր վրա վերցնել հարկային ռիսկեր, որովհետև ընդունում է աշխատողի, որը չունի էլեկտրոնային պայմանագիր կամ ստորագրություն։ Եվ ճիշտ կլինի, որ նման փոփոխությունները չարվեն ակնթարթորեն, այլ գործընթացը դանդաղ իրականացվի, որպեսզի մարդիկ կարողանան ադապտացվել, և խառնաշփոթ չստեղծվի։ Սա ոչ առաջին դեպքն է, երբ որոշումներ են ընդունվում անհեռատես»,- ասում է նա։

Փորձագետն ընդգծում է՝ նման քայլերը նախապես կանխատեսելի վնաս են բերում պետբյուջեին և բիզնեսին։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում անհրաժեշտ են նոր կանոնների փուլային ներդրում և հետաձգված ժամկետներ. «Պատասխանը, որ մեզ տրամադրել են, որևէ հիմք չուներ՝ կապված հետաձգման հետ։ Հիմա ստիպված պետք է հետքայլ կատարվի, որովհետև արդեն տեսնում ենք՝ պետբյուջե մուտքագրվող գումարները նվազելու են աշխատավարձի հարկերի մասով, որտեղ աշխատողները չեն կարողանա գրանցվել։ Սա անհեռատես քայլ է, և որոշակի փոփոխություններ անխուսափելի են»։

Սերգեյ Խաչատրյանն առաջարկում է, որ պետությունը գործող պահանջները վերանայի։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է առանձնացնել օտարերկրացիների և այլ խոցելի խմբերի համար հարմարեցված լուծումներ, որպեսզի բիզնեսը և քաղաքացիները չզրկվեն իրենց իրավունքներից ու հնարավորություններից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Oragir.News

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»