Ներքին 8 ամիս առաջ - 12:47 04-02-2026

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի շենքը վթարային է, անձրևաջրերն էլ լցվում են դասարաններ

Oragir.News-ն ահազանգ է ստացել Հրազդանի թիվ 10 դպրոցի աշակերտներից, որոնք հայտնում են, որ իրենց դպրոցը արդեն երկար տարիներ գտնվում է վթարային վիճակում, սակայն կառավարությունից որևէ արձագանք չի եղել։

Աշակերտները բողոքում են դպրոցի շենքի մաշվածությունից, հակասանիտարական իրավիճակից, ցրտից և անտարբերությունից։

«Հրազդանի համար 10 ավագ դպրոցի աշակերտ եմ, և մեր դպրոցը վթարային է․ դասարանից խոնավության հոտ է գալիս, և դպրոցում շատ ցուրտ է․ դասարանի առաստաղից կաթկթում է անձրևաջուրը»,– ասաց ահազանգող աշակերտը։

Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցում առկա ֆիզիկական խնդիրների և վերանորոգման բացակայության վերաբերյալ Oragir.News-ի հարցին դպրոցի տնօրենը պարզաբանում է ներկայացրել։

Oragir.News-ի հետ զրույցում տնօրեն Արևիկ Մխիթարյանը չհամաձայնվեց աշակերտների պնդման հետ, որ կառավարությունը ուշադրություն չի դարձնում դպրոցին, և նշեց, որ թեև դպրոցը, որպես ֆիզիկական միջավայր, ունի լուրջ խնդիրներ, բայց պետական մարմինների կողմից որոշակի ուշադրություն կա։ Նրա խոսքով՝ դպրոցն ընդգրկված է վերակառուցման պետական ծրագրում, և արդեն որոշ նախնական աշխատանքներ իրականացվել են։

«Դպրոցը ընդգրկված է վերակառուցման ծրագրում, և այդ պատճառով ներկայումս որևէ մասնակի վերանորոգման աշխատանք չենք իրականացնում։ Ծրագիրը ենթադրում է, որ գործող շենքը պետք է ամբողջությամբ քանդվի և կառուցվի նոր դպրոց»,– նշեց տնօրենը։

Արևիկ Մխիթարյանի խոսքով՝ վերակառուցման հստակ ժամկետ այս պահին չի կարող նշել, քանի որ պաշտոնական վերջնաժամկետ դեռևս չի ներկայացվել, սակայն ծրագրով նախատեսված ժամանակահատվածներ կան։

Խոսելով դպրոցի ջեռուցման համակարգի մասին՝ տնօրենը վստահեցրեց, որ այդ մասով ներկայումս խնդիր չկա․

«Դպրոցում գործում է լոկալ ջեռուցման համակարգ, այն միացված է և աշխատում է։ Սակայն պետք է նշեմ, որ պատուհանների և շենքի ընդհանուր վիճակը այնքան էլ լավ չէ, ինչը բնականաբար ազդում է ընդհանուր ջերմապահպանման վրա»,– ասաց նա։

Տնօրենի խոսքով՝ դպրոցը պետության հաշվեկշռում է, գտնվում է կառավարության ենթակայության ներքո, և հարցը գտնվում է պատասխանատու մարմինների վերահսկողության շրջանակում։

Oragir.News-ը դիմեց նաև ԿԳՄՍ նախարարություն պարզաբանման համար, որտեղից նշեցին, որ գրավոր հարցման միջոցով կպատասխանեն բոլոր հարցադրումներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով