Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 21:00 07-01-2026

Հերթը հասել է Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան․ Հայր Ասողիկ

Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով: Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:

Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը. ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորույսների...

Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ոչ միայն ազգային սրբություն է, այլև՝ համաքրիստոնեական սուրբ մասունք, որը դարեր շարունակ պահվել է Հայոց Եկեղեցում և, այլևս, 2014 թ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տարին մեկ անգամ դուրս է բերվում Մայր Տաճար, որպեսզի հայ և օտարազգի ուխտավորները մոտենան և անկեղծ հավատքով համբուրեն այդ հրաշագործ սրբությունը:

Բնավ, երբեք ուշ չդարձնեք, սիրելիներ, այդ սուտ և զազիր խոսքերին ու տեսանյութերին, որոնք կրկին սկսել են շրջանառել որոշ շրջանակներ՝ այդպես խժդժություն առաջ բերելու չարանենգ նպատակով:

Բարեպաշտ հայորդիք հավատարիմ են իրենց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ունեն հոգևոր ու ազգային ինքնագիտակցություն՝ հրաժարվելով ու հեռացնելով ամենայն չարից ու չար խորհուրդ, չար խոսք ու գործ:

Վստահ եմ, որ Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. եղիցի, եղիցի:

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և Արխիվի տնօրեն

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով