Ավելին 9 ամիս առաջ - 23:50 21-12-2025

Ծառաբնակ գորտերի օրգանիզմում ուռուցքներն ամբողջությամբ ոչնչացնելու ընդունակ բակտերիա է հայտնաբերվել

Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների առաջադեմ ինստիտուտի (JAIST) գիտնականները պարզել են, որ ճապոնական ծառաբնակ գորտի աղիքային բակտերիան կարող է ամբողջությամբ ոչնչացնել ուռուցքները մկների վրա կատարված լաբորատոր փորձարկումների ժամանակ։ Սա քաղցկեղի բուժման նոր հեռանկար է բացում։

Աշխատանքը հրապարակվել է Gut Microbes ամսագրում և առաջարկում է նոր հարթակ՝ քաղցկեղի դեմ բնական բակտերիալ թերապիաների մշակման համար։

Հաստ աղիքի քաղցկեղ ունեցող մկներին այս բակտերիայի միանվագ ներերակային ներարկումը բոլոր դեպքերում հանգեցրել է ուռուցքների լիակատար հետաճի, ինչը զգալիորեն գերազանցում է բուժման ստանդարտ մեթոդների արդյունքները։

Հետազոտողներն ուշադրություն են դարձրել երկկենցաղների և սողունների աղիքային միկրոբներին, քանի որ այդ կենդանիների մոտ ինքնաբերական ուռուցքները շատ հազվադեպ են հանդիպում։ Սա տեղի է ունենում նույնիսկ այնպիսի պայմաններում, որոնք սովորաբար մեծացնում են քաղցկեղի ռիսկը, օրինակ՝ մարմնի չափերի համեմատ երկարակեցությունը կամ կերպարանափոխության և վերականգնման հետ կապված ծայրահեղ բջջային սթրեսները։

Գիտնականները ճապոնական ծառաբնակ գորտերի (Hyla japonica), ճապոնական հրակերպ տրիտոնների և ճապոնական մողեսների աղիներից առանձնացրել են բակտերիաների 45 շտամ։ Այնուհետև ընտրել են հակաուռուցքային ակտիվությամբ օժտված ինը շտամ, որոնցից ամենաարդյունավետը գորտերից ստացված Էվինգելա ամերիկանան (Ewingella americana) է եղել։

Բակտերիան ունի գործողության երկակի մեխանիզմ.

• այն ընտրողաբար կուտակվում է ուռուցքային հյուսվածքներում, որտեղ թթվածնի պակաս կա. սա թույլ է տալիս բակտերիային բազմանալ ուռուցքի ներսում՝ առանց առողջ օրգաններին վնասելու.
• այնուհետև այն արտազատվող տոքսինների միջոցով ուղղակիորեն ոչնչացնում է քաղցկեղային բջիջները և միաժամանակ ուժեղացնում օրգանիզմի իմունային պատասխանը՝ խթանելով T-բջիջներին, նեյտրոֆիլներին և B-լիմֆոցիտներին գրոհել ուռուցքը։

Բակտերիան մկների արյան մեջ ներարկելուց հետո ուռուցքներն ամբողջությամբ անհետացել են, և կենդանիների մոտ ձևավորվել է տևական իմունային հիշողություն. քաղցկեղային բջիջների կրկնակի ներարկումը նոր ուռուցքների առաջացման չի հանգեցրել։ Էվինգելա ամերիկանան արյան շրջանառությունից դուրս է գալիս առաջին 24 ժամվա ընթացքում և առաջացնում է միայն կարճատև բորբոքում, որն անհետանում է մի քանի օրվա ընթացքում՝ առանց կենսական կարևոր օրգանների վնասման նշանների։

Գիտնականներն ընդգծում են, որ այս հետազոտությունը դեռևս իրականացվել է մկների նախակլինիկական մոդելների վրա, և թեև արդյունքները հուսադրող են, դեռ պետք է պարզել, թե որքանով արդյունավետ ու անվտանգ կլինի այս մոտեցումը մարդկանց համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում