Ներքին 10 ամիս առաջ - 23:11 19-11-2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջ դրեց հակամարտությանը․ ԱԳ փոխնախարար

Նոյեմբերի 19-ին Կիգալիում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Պեկինի համաժողովից 30 տարի անց. կանանց ներդրումը ֆրանկոֆոն տարածքում» թեմատիկ քննարկմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է.

«Տիկի՛ն նախագահ,

Տիկի՛ն գլխավոր քարտուղար,

Ձե՛րդ գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուանդայի Հանրապետությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ընդունման 30-ամյակը լավ հնարավորություն է արձանագրելու առաջընթացը և քննարկելու մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Պեկինի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը շարունակում եմ մնալ առանցքային ուղեցույց աշխարհում կանանց և աղջիկների իրավունքների լիարժեք իրացման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջխաղացման տեսանկյունից: Ուրախալի է, որ տարիների ընթացքում դրանք լրացվել են այլ կարևոր նախաձեռնություններով և այդ գործընթացից անմասն չի մնացել նաև մեր կազմակերպությունը:

2018 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդունվեց Կանանց և տղամարդկանց իրավահավասարության, կանանց և աղջիկների իրավունքների և անկախության խթանմանն ուղղված ռազմավարությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ հանձնառությունը և միևնույն ժամանակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի կողմից թիրախային նախաձեռնությունների իրականացումը:

Կցանկանայի վերահաստատել կանանց իրավունքների պաշտպանությանն ու առաջնորդության խթանմանը Հայաստանի հանձնառությունը: Իրականացված աշխատանքների արդյունքներում կանանց քանակական և որակական դերակատարության աճ է արձանագրվել Հայաստանի կառավարման տարբեր ոլորտներում: Հայաստանի ներկա կառավարության կազմում նախարարների 30 տոկոսը կանայք են: Մեր պատմության մեջ առաջին անգամ ունենք կին ՆԳՆ նախարար և գլխավոր դատախազ։ Նոր ձևավորված ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը և մարդու իրավունքների պաշտպանը ևս կանայք են։

Տարեցտարի ավելանում է նաև ՀՀ ազգային ժողովում կին պատգամավորների քանակը՝ այս պահին կազմելով ավելի քան 36%։

Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը միջազգային հարթակներում և ազգային մակարդակով։ Արդեն իսկ ավարտին ենք հասցրել «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ազգային ծրագրի աշխատանքները:

Ծրագիրը կրում է «Ներդրում խաղաղություն ապահովելու համաշխարհային ջանքերին» խորագիրը և վերահաստատում է խաղաղության օրակարգի կարևորությունը, այդ թվում՝ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» շրջանակում հանձնառությունների իրականացման միջոցով:

Ձե՛րդ գերազանցություններ,

Կանայք հանդիսանում են կարևոր դերակատարներ խաղաղության հաստատման, հակամարտությունների հետևանքների հաղթահարման, վստահության մթնոլորտի վերականգնման և հաշտեցման գործընթացներում։

Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Դա նշանավորեց մեր երկրների միջև խաղաղության հաստատումը՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը: Այն նաև հնարավորություն ստեղծեց հետհակամարտային կարգավորման և վստահության ամրապնդման գործում հանրությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և կանանց կազմակերպությունների ներգրավման համար։

Խոսելով կանանց ներուժի լիարժեք իրացման մասին հարկ է նշել կրթության հիմնարար իրավունքի իրացման և կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին:

Այդ առումով, մեծապես արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված «La Francophonie avec Elles» ծրագիրը, որը փաստացի կյանքի է կոչվել համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում կանանց աջակցելու համատեքստում և, ապացուցելով իր արդյունավետությունն ու արդիականությունը, շարունակվում է առ այսօր: Ուրախ եմ, որ ստեղծումից ի վեր առաջին անգամ ծրագրի շահառու են դարձել նաև հայկական երկու հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացրած ծրագրերը միտված են կանանց, այդ թվում՝ տեղահանված կանանց կրթությանը, վերապատրաստմանը և անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

Ամփոփելով`կցանկանայի ուրախությամբ արձանագրել, որ մեր կողմից ընդունվելու է բավականին հավակնոտ փաստաթուղթ՝ Կիգալիի կոչը, որը մեզ նաև պարտավորեցնում է կրկնապատկել անհատական և համատեղ ջանքերն այն շոշափելի արդյունքների վերածելու նպատակով:

Շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ