Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:07 11-11-2025

Իրանագետը ստուգաբանել է, թե ինչ է նշանակում Սևանա լճի՝ թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Քանի, որ շատերն են հարցնում, թե ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումն, ապա ասեմ, որ այն թարգմանաբար պարզապես նշանակում է «Կապտավուն»՝ կազմված լինելով թյուրք. gök «երկինք; կապույտ» բառից և -çä «-ավուն» ածանցից։

Ժամանակակից ադրբեջաներենում թյուրք. gök բառի բառավերջի -k-ն քմայնացման արդյունքում ամբողջապես փոխվել է -y-ի, ուստի ունենք ադրբ. Göyçə տարբերակը։

Բավականին ուշ՝ հավանաբար Երևանի խանության ժամանակաշրջանում կամ միգուցե դրանից փոքր-ինչ առաջ հայտնված այս անվանումը մտնել է նաև այդ կազմավորման պաշտոնական փաստաթղթեր, իսկ հետագայում՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանն անցնելիս սպրդել նաև ցարական վարչակազմի պաշտոնական գրագրություն և քարտեզներ։

Ուշագրավ է, սակայն, որ նույն այդ 19-20-րդ դարասկզբի քարտեզներում զուգահեռաբար կիրառվում է լճի Севангъ տարբերակը, որը հայերեն Սևան (սկզբնապես միայն կղզու անվանումը, քանի որ լիճը առավելապես հայտնի էր հինավուրց հայկական Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անվանումով) անվանման պարսկերենի և թուրքերենի հիմքի վրա ժողովրդական ստուգաբանության արդյունքում աղճատման հետևանք է՝ բաղկացած պրսկ. سه [se] «երեք» և թյուրք. vəng «վանք, եկեղեցի» բառերից, որտեղ վերջինը փոխառված է հայերենից և մինչև հիմա էլ՝ կենդանի ադրբեջաներենում։

Բանն այն է, որ Սևանի՝ այն ժամանակ կղզում ներկայիս երկու եկեղեցուց բացի, կանգուն է եղել է ևս մեկը՝ Սբ. Աստվածածինը, որը 19-րդ դարավերջին փլուզվել է, ուստի պատահական չէ, որ հինավուրց հայկական Սևան տեղանունը պարսկերենի և թուրքերենի հիման վրա «ստուգաբանվել է»՝ որպես «Երեք վանք, Եռավանք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան