Ներքին 1 տարի առաջ - 10:30 09-10-2025

Էջմիածնի նախկին փոխքաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքի և դիրքի չարաշահման մեջ

Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Կ. Գ.-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մեկ այլ անձի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրինականացրել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Կ. Գ.-ն, ի պաշտոնե հանդիսանալով նշված անշարժ գույքերի օտարման գործընթացում աճուրդային հանձնաժողովի նախագահ, դրանք իր հետ փոխկապակցված անձի՝ Ն. Ա.-ի սեփականությունը դարձնելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների հետ խմբի կազմում, անտեսելով օրենքի պահանջները, անցկացրել է ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր հետ փոխկապակցված մեկ այլ անձ: Վերջինս, նախապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու մասին, իր ստորագրությամբ օժանդակել է Կ. Գ.-ի կողմից իրականում տեղի չունեցած աճուրդի արդյունքների մասին կեղծ արձանագրության կազմմանը:

Հետագայում, նշված գույքերն առանձին չորս մասերի բաժանելուց հետո, կրկին կազմակերպվել են ձևական կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում դարձյալ հաղթող է ճանաչվել Կ. Գ.-ի հետ փոխկապակցված նույն անձը, իսկ Էջմիածնի քաղաքապետը հաստատել է դրանց վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները և հանձնարարել անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր կնքել աճուրդում հաղթած անձի հետ: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տվյալ անձի սեփականության իրավունքը, սակայն դրանք փաստացի տնօրինվել են Ն. Ա.-ի կողմից:

Նկարագրված ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում՝ համայնքին պատկանող անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարվել են շուկայականից էականորեն ցածր՝ 17.215.142 ընդհանուր արժեքով:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Ն. Ա.-ին՝ նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կ. Գ.-ին օժանդակած անձին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան