Արտաքին 1 տարի առաջ - 09:35 09-10-2025

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնվել են դադարեցնել կրակը Գազայում ու ազատ արձակել գերիներին

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում մարտերը դադարեցնելու և գերիներին փոխանակելու հարցում։

Telegram-ում ՀԱՄԱՍ-ի էջում արված գրառման մեջ արմատականները շնորհակալություն են հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային գործադրած ջանքերի համար, ինչպես նաև երախտագիտություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Գազայում կրակի դադարեցման ու իսրայելական զորքերի դուրսբերման» հարցում աշխատանք տանելու համար։
Truth Social սոցցանցում Թրամփը գրառում է կատարել՝ նշելով, որ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ազատ են արձակվելու բոլոր գերիները։ «Սա նշանակում է, որ բոլոր գերիները շատ շուտով ազատ են արձակվելու և Իսրայելը հետ է քաշելու զորքերը համաձայնեցված չափով՝ որպես առաջին քայլ դեպի ամուր, կայուն ու տևական խաղաղություն»,- գրել է նա։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնության հայտարարումից անմիջապես հետո զանգահարել է ԱՄՆ նախագահ Թրամփին՝ շնորհակալություն հայտնելով նրան միջնորդական ջանքերի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Associated Press լրատվական գործակալությունը, որը խոսել է թեմային տեղյակ աղբյուրների հետ, գրում է, որ ՀԱՄԱՍ-ը ողջ մնացած բոլոր 20 գերիներին ազատ է արձակելու օրերի ընթացքում, իսկ իսրայելական զորքերն այդ ընթացքում դուրս կգան Գազայի հատվածի մեծ մասից։ Այդուհանդերձ, դեռևս կան չհստակեցված դրույթներ, օրինակ՝ ինչպես և արդյոք ՀԱՄԱՍ-ը վայր է դնելու զենքերը ու ով է իրականացնելու կառավարումը Գազայում։ Այդուհանդերձ, ինչպես նշում է Associated Press-ը, կողմերն ավելի մոտ են պատերազմը դադարեցնելուն, քան երբևէ։

Reuters-ը նշում է, որ հրադադար հաստատելու շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը մեծ ոգևորությամբ է ընդունվել ինչպես Իսրայելում, այնպես էլ պաղեստինցիների շրջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում