Ներքին 1 տարի առաջ - 09:57 05-10-2025

Ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և պետության ապագան. նախագահի շնորհավորական ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ։

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության արժեհամակարգի ստեղծումը։

Մեր երեխաների, ասել է թե՝ հանրության կորիզի քաղաքացիական գիտակցությունը, պետականության հանդեպ հարգանքը և հասարակության հանդեպ պատասխանատվության զգացումը մեծապես կախված են հենց ձեզնից։

Կարելի է ասել՝ ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան։

Լիովին գիտակցում եմ նաև ձեր առաքելության դժվարությունները։ Հաճախ ձեզ վիճակվում է ոչ միայն կրթել, այլև դիմակայել դժվարությունների, երբ տարբեր ազդեցություններ կամ նույնիսկ համակարգային որոշ գործելակերպեր փորձում են շեղել ուսուցչին իր հիմնական առաքելությունից։
Ձեր ուժն ու համբերությունը հենց այստեղ է արժևորվում․ կարողանալ հավատարիմ մնալ կրթությանը, պահպանել արժանապատվությունը և շարունակել սերունդներին փոխանցել այն, ինչի վրա կառուցվում է մեր երկրի ապագան։

Սիրելի՛ ուսուցիչներ,
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ նվիրումի ու տոկունության համար։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն։

Թող ձեր աշխատանքը պսակվի հաջողությամբ, իսկ ձեր սաները դառնան գիտակից, ազատամիտ ու արժանապատիվ քաղաքացիներ՝ ամրապնդելով մեր պետականության հիմքերը»,- նշված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան