Ներքին 1 տարի առաջ - 17:20 15-09-2025

Ակադեմիայի լուծարմամբ միասնական գիտական համակարգ այլևս չենք ունենալու․  ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն

ԱԺ արտահերթ նիստում օրեր առաջ ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, ըստ որի՝ ԳԱԱ-ի գիտահետազոտական ինստիտուտները կներառվեն համալսարանների կազմում որպես դրանց գիտական ստորաբաժանումներ։ Իսկ ԳԱԱ-ն այլևս չի գործի որպես առանձին գիտական կազմակերպությունների համակարգող կառույց, այլ կվերածվի խորհրդատվական մարմնի, որը կտրամադրի գիտական և ռազմավարական խորհրդատվություն պետական մարմիններին և բուհերին։ Բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ նոր օրենքով նախատեսված այս փոփոխություններն, ըստ էության, նշանակում են ակադեմիայի լուծարում։

ՀՀ ԳԱԱ երկարամյա աշխատակից, ներկայումս գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգա Զարաֆյանը Oragir.News-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել նոր օրենքից բխող խնդիրները և պարզաբանել բացերը։ Վերջինս հորդորեց գրավոր ուղղել հարցերը, քանի որ անմիջապես պատասխանելը ոչ միշտ է նպատակահարմար։

ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ցավ է ապրում և չի ուզում այդ մասին խոսել։

«Ինչի՞ մասին բարձրաձայնենք։ Բարձրաձայնենք-չբարձրաձայնենք, երբ գնացքն արդեն գնացել է, էլ ի՞նչ ասենք»,- ասաց Կատվալյանը՝ հավելելով, որ նախքան օրենքի ընդունումը ոլորտի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ խոսել են տարբեր լրատվամիջոցներով, բացատրել դրա բացասական կողմերը։

«Էդքան բարձրաձայնեցինք, էդքան խոսեցինք, ո՞վ բանի տեղ դրեց: Միևնույն է՝ ինչ անելու էին՝ արեցին, և հիմա, երբ օրենքն արդեն ընդունված է, ամեն ինչ անիմաստ է։ Հիմա վերցնենք, ասենք՝ համաձայն չենք, մեջն ի՞նչ կա, մեզ լսողն ո՞վ է։ Հոգնել են մարդիկ, հասկանո՞ւմ եք, լսող չկա»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ կասեք այն մասին, որ, ըստ օրենքի, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություները փոխանցվում են ԿԳՄՍՆ-ին, ամբիոններ չեն լինելու, լինելու է միայն կրթական ծրագրի ղեկավարներ։

«Ճակատագրական սխալ կլինի ակադեմիայի լուծարումը, ես մեկ անգամ էլ եմ ասել այդ մասին։ Այսինքն, դադարում ենք ունենալ միասնական գիտական համակարգ։ Գիտությունների ակադեմիա ունենալը պետության ցուցանիշներից է, և այս պայմաններում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է նման որոշում ընդունվում։

Ես միշտ էլ ասել եմ, որ գիտությունը պետք է լինի անկախ։ Գիտությունը չի կարելի տանել, խցկել կրթության ինչ-որ խորշերում։ Գիտությունը կրթության սպասավորը չէ։ Այն վերաբերում է բոլոր ոլորտներին, ոչ միայն կրթությանը։ Եվ ես միշտ դեմ եմ եղել, որ գիտությունը պետք է տանեն-մտցնեն կրթության մեջ իբրև կրթության ստորադաս մի բան․․․ Բայց դա արեցին, հիմա էլ, այդքանից հետո, ի՞նչ անենք։ Ես չէի ուզենա, որ այդպես լիներ»,- ցավ հայտնեց ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրենը։

Նշենք նաև, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո, ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ առանձին դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը նույնպես կոշտ քննադատություն է հնչեցրել ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու որոշման վերաբերյալ։ «Սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։ Երկիրը պետք է ունենա ակադեմիա»,- ասել է նա։

Հավելենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախանշված փոփոխության համաձայն՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ, և բուհի ղեկավարությունն է որոշելու՝ ներառե՞լ դրանք ուսումնական պլանում, թե՞ ոչ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում