Ներքին 1 տարի առաջ - 19:44 21-07-2025

Օկուպացված Ստեփանակերտում կառուցվում է «Հաղթանակի թանգարանը»՝ որպես հակահումանիստական նախաձեռնություն

Monument Watch-ը գրում է.

2025 թվականի հուլիսի 20-ին նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցկացվող III Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Ստեփանակերտում (Ադրբեջանի պաշտոնական անվանմամբ՝ «Խանքենդի») «Հաղթանակի թանգարան» կառուցելու ծրագիրը։

Ըստ նախագահի հայտարարության, թանգարանը տեղակայվելու է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտե»-ի շենքում (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր)։ Այս շենքը, որը խորհրդային շրջանում եղել է ամբողջ շրջանի վարչա-քաղաքական կենտրոնը, ժամանակին նաև հանդիսացել է Արցախի ինքնության և ինքնակառավարման խորհրդանիշներից մեկը։

Ներկայումս շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Թանգարանի կառուցման պայմանագրի արժեքը, ըստ բաց աղբյուրների, կազմում է մոտ 443 հազար մանաթ (շուրջ 260 հազար ԱՄՆ դոլլար)։ Տվյալ տարածքը վերանվանվել է «Հաղթանակի հրապարակ», իսկ թանգարանը լինելու է այդ վերափոխված միջավայրի կենտրոնական կետը։

Թանգարանը, որն ըստ համաշխարհային փորձի պետք է դառնա երկխոսության, հիշողության պահպանման և մշակույթների համագործակցության վայր, այստեղ ձևավորվում է որպես հաղթանակի ու գերիշխանության խորհրդանշական հարթակ։

Երբ հումանիստական առաքելությամբ մշակութային կառույցը վերածվում է միակողմանի պատմություն ներկայացնող ցուցասրահի՝ առանց մյուս կողմի ձայնը լսելու, այն ոչ միայն չի վերացնում բևեռացումը, այլ խորացնում է հակամարտության մշակութային շերտերը։ Նման անհաջող և հակահումանիստական փորձ կարելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից «Հաղթանակի պուրակ» նախաձեռնությունը, որը քննադատվեց միջազգային հանրույթի և ցեղասպանությունը կանխարգելող մի շարք կազմակերպությունների կողմից։

Երբ հիշողությունը ներկայացվում է որպես քաղաքական գործիք՝ վերաիմաստավորելով անցյալի վայրերը, թանգարանները կորցնում են իրենց իրական առաքելությունը՝ ծառայելու մարդու, նրա հիշողության և արժանապատվության պաշտպանությանը։ Այս պարագայում նման ծրագիրը կարող է վտանգել տարածքի հայկական հիշողության արհեստական վերացմանը և էթնիկ զտման քաղաքականության արդարացմանը հետագա սերունդների համար։

Հիշողության մշակույթի իսկական գործառույթը պետք է լինի մարդկային փորձի բազմաշերտության ճանաչումը, հակամարտությունների բարդության ընկալումը և միջմշակութային երկխոսության հնարավորությունների ստեղծումը, այլ ոչ թե միակողմանի հաղթանակի տոնակատարությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում