Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:31 15-07-2025

Սա դեռ ավելի ներքև ընկնելու ամենավերջին կետը չէ. Անդրիաս Ղուկասյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

«Իմ կարծիքով՝ ամեն ինչն Ադրբեջանին է պետք, Հայաստանի համար դա բացարձակապես ակտուալ չէ։ Ադրբեջանը չունի որևէ հիմք՝ դա վիճելի հարց դարձնելու, կամ կոնֆլիկտի պատճառ դարձնելու։ ԱՄՆ-ից նման առաջարկ ստանալը խնդրի լուծում չէ։ Այդ լուծումները, առհասարակ, անիմաստ են՝ առանց Արցախի խնդրի կարգավորման։ Հանուն դրա կարելի է 10 հազար տարով էլ վարձով ճանապարհ տալ ԱՄՆ-ին, Չինաստանին․․․ Մեզ համար կարևորը՝ Արցախի ինքնորոշման հարցն է, արցախահայերի վերադարձի հարցը»,- Oragir.News-ի հետ զրույցում, մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ 100 տարով վերահսկողություն իրականացնելու ԱՄՆ-ի առաջարկը, ասաց Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Հնարավոր «ծանր» հետևանքների մասին կարծիք հայտնողների տեսակետները նա չի կիսում՝ նշելով, որ հիմնականում, ռուսամետ քաղաքական գործիչներն են «Կիկոսի մահի» կանխատեսումներ անում։

«Ես հարցին էսպես եմ նայում՝ Հայաստանի համար Արցախի պաշտպանության հարցն է կարևոր։ Եվ ՀՀ-ն Ադրբեջանին որևէ իրավունքի խնդրի լուծման հարցում կարող է ընդառաջել, եթե Ադրբեջանն էլ իր կողմից Արցախի խնդրին լուծում տա։ Ես չեմ կիսում այսօրվա Կառավարության տեսակետը, որ Արցախի հարցը լուծված է ուժով, մարդկանց բռնի տեղահանումով, որ դրա համար դրոշակ են ծածանում, թե ցանկացած գնով խաղաղություն են ուզում, ինչը հիմարություն է»,- նշեց նա։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ գործարքը պետք է տեղի ունենա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, Ադրբեջանին կարելի էր չհարցնել և փաստի առջև կանգնեցնել։

Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակը շարունակում է պնդել, որ ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը, քաղաքագետը արձագանքեց․

«Դրանք միայն բառերի շարք են: Ուրիշ հարց, եթե վարձակալությունից հետո այդ հատվածը շարունակի մնալ ՀՀ վերահսկողության տակ։ Կա ԱՄՆ-ի կողմից կոնկրետ առաջարկ։ Իսկ ՀՀ-ն նման քայլերի պետք է գնա ինչի՞ համար, որովհետև բանակ գոյություն չունի այսօր, անզորության կետում են գտնվում։ Պիտի ինչ-որ ելքեր գտնե՞նք մեր թուլացած պետությունով, ղեկավարով, որ կարողանանք գոյատևել․․․Ես գտնում եմ, որ սա դեռ ավելի ներքև ընկնելու ամենավերջին կետը չէ»:

Դիտարկմանը, թե Արարատ Միրզոյանը 2020 թվականի պատերազմի օրերին գրառում էր կատարել, նշելով՝ «զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը», և մեր զուգահեռ հարցին՝ արդյոք ամենավերջին կետը Երևա՞նն է, մեր զրուցակիցն արձագանքեց․

«Դուք հիմա էլի «Կիկոսի մահն» եք պատմում։ Դա անզոր ժողովրդի մտածելակերպ է, իսկ անզոր ժողովրդի համար ամեն ինչն էլ վախենալու է․․․ Թումանյանը այդ հեքիաթը մեր ժողովրդի մտածելակերպի մասին է գրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող