Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:27 11-07-2025

Շվեյցարացի պատգամավորը Կալասի այցը Հայաստան Երևանին աջակցության հանձնառության նշան է համարում

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի գնահատմամբ՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան կատարած այցը պետք է դիտարկել որպես Բրյուսելի կողմից Երևանին ուղղված աջակցության հանձնառության նշան։

Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով վերջին շրջանում Հայաստանի ու Եվրոպական միության միջև խորացող գործընկերությանն ու այդ համատեքստում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ հունիսի 29-30-ը Երևան կատարած այցին։ «Կայա Կալասի այցը պետք է դիտարկել որպես հանձնառության նշան։ Այն Եվրոպական միության հանձնառության նշան է՝ աջակցելու Հայաստանին՝ որպես Կովկասում գործընկերոջ։ Սա միշտ չէ, որ այդպես է եղել։ Ընդամենը մի քանի տարի առաջ իր էներգամատակարարումն ապահովելու ճնշման ներքո ԵՄ-ն ինտենսիվորեն սիրահետում էր Բաքվին»,-նկատել է Մյուլլեր-Ալտերմատը։

Այդուհանդերձ, շվեյցարացի պատգամավորը մատնանշել է, որ չնայած ԵՄ-ի հետ հարաբերությունների ու գործընկերության մակարդակի խորացմանը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առումով Հայաստանի համար առավել կարևոր կլինեն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն ու կապերը։

«Հայաստանը ստացել է ԵՄ-ի այդ ազդանշանը, ինչը ողջունելի է արևմտյան արժեքների համայնքում՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ավելի կարևոր կլինեն տնտեսական առումով։

Սա, անկասկած, կհանգեցնի Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ բազմակի քննարկումների։ Այնուամենայնիվ, նույնիսկ ԵՄ-ն չի կարող անտեսել աշխարհագրությունը և պետք է ընդունի, որ Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ այս սերտ տնտեսական հարաբերությունները»,-ընդգծել է Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։

Հունիսի 29-30-ը Հայաստան էր այցելել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այցի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հայտնեցին գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում