Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:00 18-06-2025

Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ

Ժողովրդավարության ջատագովները մարդու և սեփականության իրավունքները պաշտպանում են սկզբունքորեն, դրանք համարում արժեքներ։ Գործարարների նկատմամբ հանիրավի հետապնդումները դատապարտելի են և՛ մարդու իրավունքների,և՛ սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Այսինքն՝ երբ իշխանությունները հետապնդում են միլիոնատեր գործարարին, բարերարին, ապա այն ուժերը, որոնց համար կարևոր են մարդու, սեփականության իրավունքները, իրենց պաշտպանությունն են հայտնում, քննադատում սկզբունքորեն։

Սակայն երբ նույն քաղաքական կամ հասարակական միավորը այսօրինակ դեպքերին տարբերակված մոտեցում է ցուցաբերում, մի դեպքում քննադատում է իշխանությանն ու պաշտպանում գործարարին, իսկ մեկ այլ պարագայում լռություն պահպանում, ապա հիմք է տալիս բազմաթիվ կասկածների, տպավորություն ստեղծում, թե մարդու և գործարարի իրավունքները պաշտպանում են ոչ թե սկզբունքորեն, արժեքային համոզմունքներից ելնելով, այլ հատվածական շահեր հետապնդելով։ Պատկերավոր ասած՝ արժեզրկվում են արժեքները, ինչն ավելի վատ է, քան դրանց պարբերական խախտումները։

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես հրապարակավ աջակցություն է հայտնել գործարար-բարերարին։

Սա առաջին դեպքը չէ։ Սամվել Կարապետյանն առաջին գործարարը չէ, որը հետապնդման է ենթարկվում ՔՊ-ական իշխանությունների կողմից։ Նախկինում հետապնդվել է գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը։ Նույնպիսի տեսարաններ ու ճնշումներ կիրառվել են նրա նկատմամբ, ձերբակալություն, քննություն և այլն։ Սակայն ՀՀԿ-ն և Սամվել Կարապետյանին այսօր պաշտպանողները նույն ակտիվությամբ ու ոգևորությամբ չեն պաշտպանել Ծառուկյանին։

Սա տարբերակված մոտեցում է։ Երկու գործարարներն էլ մեծ կարողություն ունեն, ամուր կապեր Մոսկվայի հետ։ Երկուսն էլ Հայաստանում շատ ձեռնարկություններ ունեն, բարեգործական ծրագրեր են իրականացնում, մեծ հարկեր վճարում, ենթադրելի է նաև, որ նվիրատվություններ են անում ՔՊ-ին։ Սակայն մեկին մեծ ոգևորությամբ պաշտպանում են, իսկ մյուսին՝ ոչ այնքան։ Տարբերակված մոտեցումը հիմք է ենթադրելու, որ պաշտպաններն առաջնորդվում են ոչ թե սկզբունքներով, արժեքներով, այլ հատվածական հետաքրքրությամբ։

Խնդիրը կարևոր է, քանի որ Սամվել Կարապետյանը հետապնդվող վերջին բարերար-գործարարը չի լինելու։ Ենթադրելի է, որ առաջիկայում Փաշինյանին մեծ փողեր են պետք լինելու 2026-ի ընտրություններին պատրաստվելու և մասնակցելու համար։ Դրանից զատ նա պետք է վստահ լինի, որ գործարարները չեն աջակցի մրցակից կուսակցություններին, փող չեն տա այլ կուսակցությունների։

Կարճ ասած՝ լավ կլինի, որ ՀՀԿ-ն, ՔՊ-ի մրցակից մյուս ուժերը նույնական վերաբերմունք դրսևորեն հայ գործարարների ու բարերարների հանիրավի հետապնդումների պարագայում, նույնպիսի ոգևորությամբ պաշտպանեն բոլորին, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, կարողության չափից, ռուսների հետ կապերից։ Այս դեպքում կարող են ասել, որ այդպես են վարվում սկզբունքորեն։ Մյուս գործարարներն էլ վստահ կլինեն, որ եթե թիրախավորվեն Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա նույնպիսի պաշտպանության կարժանանան։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք