Ներքին 1 տարի առաջ - 14:17 27-05-2025

Նկատվում է զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու աճ. արդարադատության նախարարի տեղակալ

Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից (ՔՕ 461-դ հոդված), ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար (ՔՕ 462-դ հոդված):

«Ներկայումս, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու աճ: 2023 թվականի ընթացքում Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024-ին՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ:

Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության վարման անհրաժեշտության մասին»,- ասաց Քոչարյանը:

Նախագծով առաջարկվում է խստացնել ՔՕ 461-րդ հոդվածի 1-ին մասով և 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը, ինչը կհանգեցնի նաև պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազեցմանը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է տուգանք պատժատեսակի չափը սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված՝ «առավելագույնը երկու տարի» ժամկետը փոխարինել «մեկից երեք տարի» ժամկետով:

«Կարծում ենք, որ նման փոփոխությունները կարող են որոշակիորեն նպաստել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը»,- հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալը:

Պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ պարզաբանեց՝ եթե անձը ծանուցված չէ, ապա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:

«Այո՛, հնարավոր է, հետախուզում հայտարարվի, բայց երբ անձի մեղավորությունը, դիտավորությունը կհերքվի, բնականաբար, քրեական վարույթն էլ կկարճվի, այսինքն՝ չկա պատասխանատվություն առանց մեղքի»,- պարզաբանեց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է պատժի խստացմանը, նշեց՝ ըստ էության, դա հանցագործությունների կանխարգելման բաղադրիչներից ընդամենը մեկն է, որը առաջնայինը չէ, առաջնայինը պատժի անխուսափելիությունն է:

«Պատժի խստացմամբ մենք չենք փորձում կոմպենսացնել ծանուցումների ընթացակարգերը, եթե պատշաճ չեն ծանուցվում: Սա ընդամենը բաղադրիչներից մեկն է, որով պետությունը իր քաղաքական կամքն է ցույց տալիս, որ այս արատավոր երևույթների նկատմամբ առավել խիստ մոտեցում է այս պահից փորձում որդեգրել»,- նշեց նա:

Անդրադառնալով նախագծին՝ պարզաբանեց՝ կոնկրետ այս նախագծով պատասխանատվությունը խստացվում է ոչ թե չծանուցված անձանց, այլ ծանուցված և իրենց որոշմամբ վարժական հավաքներից և պարտադիր զինվորական զորակոչից խուսափող անձանց նկատմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան