Ներքին 1 տարի առաջ - 19:07 28-04-2025

Ատելության խոսքը մեր երկրում բավական մեծ տարածում ունի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով, որի նպատակն էր ամրապնդել պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցությունը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի համատեքստում:

Միջոցառումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից համաֆինանսավորվող և Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի «ԳԼԿ III. Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովի նպատակն էր ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ՝ վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, խթանելու պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունը՝ Եվրոպական լավագույն փորձի կիրառմամբ, նվազեցնելու հանրային միջավայրում ատելության խոսքի դրսևորումները։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Պաշտպանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ շեշտելով դրանց նշանակությունը ժողովրդավարական գործընթացների զարգացման և հանրային վստահության բարձրացման գործում:

«Ատելության խոսքը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում ամենավտանգավոր երևույթներից է։ Այն բազմաթիվ խնդիրների և հանցագործությունների հիմք է դառնում: Թիրախավորվում է անձի կրոնական, ազգային, էթնիկ պատկանելությունը, սեռը, գենդերային ինքնությունը և այլն։ Ցավով պետք է նշեմ, որ մեր երկրում այն բավական մեծ տարածում ունի։ Ատելության խոսքի կանխարգելման հարցում լրագրողների դերը շատ մեծ է, իսկ նման կառուցողական քննարկումները նպաստում են խնդիրները համատեղ լուծելուն», - նշել է Անահիտ Մանասյանը։

Ըստ Պաշտպանի՝ մեր երկրում ատելության խոսքը հնչում է ամենուր՝ ինչպես հասարակական, քաղաքական գործիչների, այնպես էլ՝ մասնագիտական համայնքների կողմից: Այս համատեքստում շատ կարևոր է կրթական համակարգի վերափոխումը, անհրաժեշտ են նաև օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ բացի քրեաիրավական պատասխանատվությունից, նաև օրինակ` վարչական պատասխանատվության նախատեսում։

Առաջին պանելային քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը և Հայաստանի Հանրային Ռադիոյի լրատվական ծրագրի ղեկավար Լիանա Եղիազարյանը անդրադարձել են պետական կառույցների և ԶԼՄ-ների միջև հաղորդակցության ամրապնդման հարցերին, քննարկել են Եվրոպական չափանիշներն ու լավագույն փորձը, անդրադարձ է կատարվել ատելության խոսքին առնչվող տարբեր հարցերի։

Այնուհետև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներ Սարա Վասիլեն և Էկատերինե Սխիլաձեն խոսել են Մարդու իրավունքների պաշտպանի դերի վերաբերյալ՝ ատելության խոսքի և լրատվամիջոցների հետ հաղորդակցության համատեքստում, անդրադարձել Եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին: Նրանք անդրադարձել են նաև ԶԼՄ-ների կողմից խոցելի խմբերի, այդ թվում՝ խտրականության դեպքերի լուսաբանմանը՝ էթիկական չափանիշներին համապատասխան՝ խթանելով ներառական մոտեցումը, հավասարությունն ու բազմազանությունը:

Երկրորդ պանելային քննարկման ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Մուրազ Շամոյանը քննարկել են ատելության խոսքի և խտրականության կանխարգելման համատեքստում լրատվամիջոցների կողմից զգայուն թեմաների լուսաբանմանն ու հաղորդակցման ապահովմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերին ատելության խոսքի, խտրականության բացառման և լրատվամիջոցների հետ հաղորդակցության համատեքստում։

Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամ, միջազգային գործընկերներ, ինչպես նաև ազգային և միջազգային փորձագետներ, այդ թվում՝ առցանց ձևաչափով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ