Ներքին 1 տարի առաջ - 18:04 17-04-2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին

Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը:

Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ղեկավարել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, պատվիրակության կազմում են եղել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը, ինչպես նաև Քննչական կոմիտեի, Առողջապահության ու Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները։

Աննա Կարապետյանն իր ելույթում շեշտել է Հայաստանի հավատարմությունը՝ ուղղված խոշտանգման և այլ անմարդկային ու դաժան վերաբերմունքի և պատժի վերացմանն ու դրա դեմ պայքարի միջազգային պարտավորություններին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ-ի կողմից վերջին տարիներին այս ուղղությամբ ձեռնարկված քայլերն ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ գործնականում գրանցած առարկայական փոփոխությունների համատեքստում:

Անդրադարձ է կատարվել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ընդունմանը, քրեակատարողական հիմնարկների և ձերբակալվածներին պահելու վայրերի օպտիմալացմանն ու պահման պայմաններին, բժշկական ծառայությունների տրամադրման բարելավմանը, ոստիկանության բարեփոխումներին, խոշտանգման և վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի արձանագրման պատշաճ գործիքակազմերի ներդրմանը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, ինչպես նաև ներգրավված ոլորտների աշխատակիցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, դատավորների կարողությունների պարբերաբար զարգացմանը և իրազեկման բարձրացմանն ուղղված բազմաբնույթ աշխատանքներին։

Աննա Կարապետյանն ընդգծել է քրեական օրենսդրությամբ խոշտանգման նկատմամբ վաղեմության ժամկետների, համաներման և ներման կիրառման արգելքների հստակ սահմանումը, իրավակիրառների համար խոշտանգման հանցակազմին առնչվող մեկնաբանման ուղեցույցների մշակումը: Նախարարի տեղակալը Կոմիտեի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում պահվող հայ անձանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին, խոշտանգումների ու այլ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին և իրավունքների այլ խախտումներին:

Ելույթից հետո Կոմիտեի անդամներն ուղղել են իրենց հարցերը, որոնց Հայաստանի պատվիրակությունը տրամադրել է համապարփակ արձագանքներ:

Նիստերի ավարտին Կոմիտեի անդամները շնորհակալություն են հայտնել Հայաստանի պատվիրակությանը բարձր մակարդակով պատրաստվածության և ներդրված ջանքերի համար։

Քննարկումների արդյունքում Կոմիտեն ձևավորելու է իր եզրափակիչ դիտարկումները, որոնք կհրապարակվեն հաջորդ ամսվա սկզբին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ