Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:21 28-02-2025

ԵՄ-ն Երևանից ակնկալելու է քայլեր, որ ավելի համահունչ կլինեն Թուրքիայի պատկերացումներին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Թուրքիան կարծես թե լրջորեն ձեռնմուխ է եղել Եվրամիության ուղղությամբ իր «բաժնետոմսերի» գինը բարձրացնելու գործին: Արդեն անդրադարձել եմ Գերմանիայի խորհրդարանի ընտրությունից հետո Էրդողանի գնահատականին: Նա հայտարարել է, որ լիբերալ Եվրոպան ճգնաժամի մեջ է, առաջընթաց են ապրում ուլտրաաջ պոպուլիստները, եւ այդ ճգնաժամը Եվրոպան կարող է հաղթահարել միայն Թուրքիայի օգնությամբ, Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու միջոցով:

Մի կողմ թողնենք՝ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, թե ոչ:

Տվյալ դեպքում էականը շարժերն են եւ Անկարան՝ ամերիկա-ռուսական երկխոսության, նաեւ ԱՄՆ-ԵՄ «չերկխոսության» ֆոնին փորձում է իր ծառայությունը հնարավորինս շահեկան գնով վաճառել Եվրամիությանը:

Իսկ Եվրամիությունը այսօր դրա կարիքը շատ ունի, նվազագույնը՝ «մկան մեզն էլ ջաղացին օգուտ է» ժողովրդական հայտնի խոսքի տրամաբանությամբ: Իսկ Թուրքիան իհարկե բավականին տրամաչափ ու կարգ ունեցող տերություն է:

Էրդողանը Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի հետ հեռախոսազրույցում էլ նշել է, որ երկու կողմերի շահից է բխում եվրոպական անվտանգության համակարգի համատեղ մշակումը:

Բնականաբար, Անկարան ձգտելու է անվտանգության մարտահրավերների դեմ առերեսվող Եվրամիությանը աջակցություն առաջարկելով, իր համար կարեւոր ուղղությունները եւ շեշտադրումները ներառել եվրոպական անվտանգության համակարգի «գծագրերում»:

Կասկած չկա, որ առաջիններից մեկը այստեղ լինելու է Կովկասը: Թուրքիան ակնկալելու է Եվրոպայում Բրյուսելին իր ծառայությունն առաջարկելու դիմաց՝ Բրյուսելի ծառայությունը Կովկասում իր համար կարեւոր հարցերում: Իսկ դա Եվրոպայի համար կարող է լինել ընդունելի, համենայն դեպս այսօրվա Եվրոպայի, որը ավելի շուտ ոչ թե պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանավորվածության սուբյեկտային վարքի, այլ ամեն կերպ ԱՄՆ խնամքը պահելու համար ռուս-ամերիկյան երկխոսությունը տապալելու գաղափարին:

Թուրքիան համարում է, որ օգտվելու պահն է:

Սա նշանակում է, որ Եվրամիությունը տեսանելի ապագայում Երեւանից ավելի շատ ակնկալելու է քայլեր, որոնք ավելի համահունչ կլինեն Թուրքիայի պատկերացումներին եւ ռեգիոնում Թուրքիայի դերը բարձրացնելուն:
Երեւանին այս ժամանակահատվածում թերեւս հարկ է անել հակառակը՝ քայլեր, որոնք առավել անմիջականորեն կսահմանեն Հայաստանի հանդեպ վարքագծային պատասխանատվություն հենց ԵՄ համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի