Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:20 02-12-2024

Ինչո՞ւ վրացի ցուցարարը ծեծվելուց հետո չի գնում տուն

Թբիլիսիում շարունակվում են ցույցերը։ Ամեն օր իրավապահները բռնություն են կիրառում, սակայն վրացի ցուցարարները կրկին հավաքվում են փողոցներում, հրապարակներում ու շարունակում ցույցերը նույն համառությամբ։ ՀՀ-ում բազմիցս են իշխանափոխության նպատակով այսպիսի ցույցեր եղել։ Սակայն մեզ մոտ ցուցարարների և իրավապահների բախումից հետո ցույցերը դադարում են, մարդիկ ցրվում են տներով։ Ինչո՞ւ վրացի ցուցարարը ծեծվելուց հետո տուն չի գնում։

Հարցն ուշագրավ է, քանի որ Հայաստանն ու Վրաստանը գտնվում են կողք-կողքի, երկուսն էլ անցյալ դարում խորհրդային բռնազավթման են ենթարկվել, իսկ 1991-ին անկախացել։ Գտնվում են տարածաշրջանային և գլոբալ նույն ուժերի հետաքրքրության թիրախում։ Բայց իշխանության համար պայքարում այսպիսի մեծ տարբերություն է նկատվում։

Խնդիրը դիտարկենք սոցիալ վարքաբանության և աշխարհաքաղաքական համատեքստերում։ Սոցիալ վարքաբանության առումով՝ վրացիները ցույց են տալիս, որ հետևողական են, սկսած գործն ավարտին հասցնելու հաստատակամություն ունեն։ Չեն ընկրկում առաջին հարվածից և շարունակում են պայքարը, ինչպես վայել է մարտիկին։Կարող ենք ենթարդել, որ ցուցարարը նաև քաղաքական բարձր գիտակցություն ունի, հասկանում է, թե ինչի համար է պայքարում։ Նրա քաղաքական ակնկալիքներն ու պահանջները պարզ են ձևակերպվում և տրամաբանորեն ամբողջական են։

Մեկ այլ կարծիք կա, թե վրացին չի կասկածում թիմակցի, ցույցերի առաջնորդների ազնվությանը, նրանց հետ չի կապում իր պայքարի շարունակությունը։ Իսկ առաջնորդներն էլ սկզբունքայնություն են ցուցաբերում, քաղաքական գնահատականները, պայքարի խնդիրներն ու նպատակները ձևակերպում են այնքան հստակ, որ հասկանալի են լինում, թե՛ ժողովրդին, թե՛ միջազգային հանրությանը։

Աշխարհաքաղաքական համատեքստում ևս կա էական տարբերություն։ Հայաստանում քաղաքական գործիչների մեծ մասը կարծում է, թե ՀՀ-ում իշխանության կարող են հասնել Ռուսաստանի աջակցությամբ։ Իսկ ժողովրդի մեծ մասը ՌԴ-ին չի ուզում տեսնել որպես տարածաշրջանային դոմինանտ։ Հետևաբար՝ առաջնորդների և ժողովրդի պատկերացումները կարևոր հարցերի վերաբերյալ նույնական չեն։ Վրաստանում ցույցերին աջակցում է Արևմուտքը։ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմավարական գործակցությունը։ ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Ֆրանսիան հրապարակավ կոչ է անում ճնշում չգործադրել ցուցարարի վրա։ Իսկ Եվրախորհրդարանը ոչ լեգիտիմ է ճանաչում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ինչպես հայտնի է, հեղափոխությունները հաջողության են հասնում, երբ աջակցություն են ստանում դրսից։ Այս առումով՝ վրացի ցուցարարը իրապես զգում է արտաքին աջակցությունը, ինչը հավելյալ ոգևորություն ու վստահություն է հաղորդում նրան։

Այսպիսի արտաքին հրապարակավ աջակություն ՀՀ-ում իշխանափոխության համար ոտքի ելած շարժումները վերջին տարներին չեն ստացել։ ՀՀ-ն քաղաքակրթական ընտրություն չի էլ կատարել, որը հիմք կտար արտաքին խաղացողներին սատարելու ժողովրդի ընտրությունն ու դրա ջատագովներին։ Հայ ցուցարարն էլ, հասկանալով այս ամենը, չի փորձում գլխով խփել մեխին, և ի տարբերություն վրացու, առաջին բախումից հետո ցրվում է տներով։

Կարճ ասած՝ վրացի ցուցարարը առաջին բախումներից հետո չի ընկրկում ու տուն չի գնում, քանի որ սոցիալ հոգեբանական առումով առողջ է, առաջնորդները հաստատակամ են, իսկ արտաքին գործընկերները հրապարակավ աջակցում են։ Հեղափոխական շարժումների պահանջվող երեք գործոններն էլ առկա են այստեղ։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ եթե վրացի ժողովուրդը չհուսահատվի, ապա Վրաստանում առաջիկայում իշխանափոխություն կլինի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը