Ներքին 1 տարի առաջ - 15:30 26-11-2024

«Բարձորակ» անգրագիտություն․ ԿԳՄՍՆ պաշտոնաթերթը սրբագրիչի կարիք ունի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, պարբերաբար ընդգծում է Հայաստանում կրթության որակը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այս նպատակով նախարարությունը ուսուցիչների ամենամյա վերապատրաստման ծրագրեր ու բարեփոխումներ է իրականացնում, զանազան նորամուծություններ կիրառում, որոնք ուսուցիչների շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ են դարձել։

ԿԳՄՍՆ-ի կողմից կրթության որակի բարձրացման նպատակով իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն ուսուցչի աշխատանքն ավելի գրավիչ դարձնել, համենայնդեպս այս մասին հայտարարվում է ամենաբարձր մակարդակով։ Նման «բարեփոխումներից» մեկով կրթական գերատեսչությունը միջին մասնագիտական կրթություն ու երկար տարիների մանկավարժական ստաժ ունեցող ուսուցիչներին զրկեց դպրոցներում դասավանդելու հնարավորությունից, ինչի հետևանքով ուսուցչի ավելի քան 1000 թափուր հաստիք առաջացավ, որոնք տևական ժամանակ է չեն համալրվում։

Ի տարբերություն ուժայինների՝ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու հարցում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և նրա մաս կազմող ԿԳՄՍՆ-ն շատ ավելի խստապահանջ են և ուսուցիչներից պահանջում են վերապատրաստվել՝ ապացուցելով, որ նրանք արժանի են բարձր վարձատրության։ Արդեն չորրորդ տարին շարունակվող կամավոր ատեստավորման գործընթացի շուրջ դժգոհությունները չեն դադարում, քանի որ ուսուցիչների միայն չնչին տոկոսին է հաջողվում հաղթահարել աշխատավարձի դրույքաչափի բարձրացման տոկոսային շեմը։ Այս իրողությունը փաստում է՝ ուսուցիչներին արժանապատիվ վարձատրելը կառավարության առաջնահերթությունների շարքում չէ։

Անշուշտ ողջունելի է, որ ԿԳՄՍՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանը ու այս հարցում նման խիստ պահանջներ է սահմանում, քանի որ մեր երկրի ապագան հենց մատաղ սերնդին կրթող ուսուցիչների ձեռքերում է։ Մյուս կողմից ողջունելի կլիներ, եթե ԿԳՄՍ նախարարությունն իր աշխատակիցների գրագիտության հարցում նույնքան խստապահանջ լիներ և գերատեսչության «Կրթություն» պաշտոնաթերթը վրիպակներով լույս չտեսներ։

Մասնավորապես՝ շաբաթաթերթի 2024 թվականի նոյեմբերի 20-ի հերթական համարի 11-րդ էջում, որտեղ ներկայացված են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ձեռքբերումները, առկա է վրիպակ, ընդ որում՝ հենց վերնագրում, և հրապարակումը վերնագրված է հետևյալ կերպ․ «Ավելի բարձորակ և ժամանակակից»։ Այս վրպակը տեղ է գտել ոչ միայն շաբաթաթերի տպագիր և էլեկտրոնային տարբերակներում, այլև նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ նույնպես 6 օր շարունակ այն չի շտկվել։



Նշենք, որ «Կրթություն» շաբաթաթերթի ընթերցողները հիմնականում հանրակրթական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն են, ովքեր պատկերացում են կազմում ԿԳՄՍ նախարարությունում տիրող «բարձորակ» անգրագիտության մասին։

Oragir.News-ը ԿԳՄՍ նախարարությանը բարեկամաբար հորդորում է անհապաղ աշխատանքի ընդունել սրբագրիչի, որպեսզի նման իրավիճակները շարունակական բնույթ չկրեն։







Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»