Մշակույթ 2 տարի առաջ - 22:13 04-10-2024

Խաղաղ բնանկարների արարիչը․ այսօր Գևորգ Բաշինջաղյանի հիշատակի օրն է

Նշանավոր նկարիչ, հայ բնանկարի հիմնադիր և ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական, թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում:

Այսօր Բաշինջաղյանի հիշատակի օրն է։

Գևորգ Բաշինջաղյանը թիֆլիսահայ մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներից էր։ Թե՛ Վերնատանը, թե՛ նկարչի արվեստանոցում հաճախ էին հավաքվում ժամանակի նշանավոր դեմքերը՝ Թումանյան, Իսահակյան, Աղայան, Փափազյան, Չոպանյան, Կոմիտաս․․․



Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ 1913 թվականին Թիֆլիսում նշվում է Սայաթ-Նովայի ծննդյան 200-ամյակը: Միջոցառումից ստացված հասույթը տրամադրվում է նրա մահարձանի կառուցմանը: 1914-ին հրատարակվում է Սայաթ-Նովայի երկերի ժողովածուն: Նույն թվականի մայիսի 15-ին Թիֆլիսի Սբ. Գևորգ եկեղեցու բակում բացվում է մեծ աշուղի հուշաքարը և սահմանվում Վարդատոնը, որի ավանդույթը շարունակվում է մինչ այժմ: Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը եկեղեցու բակում հանդիսության մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, հնչում են նրա երգերը: Այս տոնը կազմակերպվել և իրականացվել է Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի ջանքերով:



Գևորգ Բաշինջաղյանը խաղաղ բնանկարների արարիչ է։ Նրան խորթ են փոթերիկները։ Այդպիսին էր նաև նրա էությունը։ Ընկերական շրջապատում նա միշտ աչքի էր ընկնում իր մեղմ բնավորությամբ, խոհունությամբ։

Թիֆլիսաբնակ նկարիչը լավ էր ճանաչում աշխարհը. ապրել, սովորել, ստեղծագործել ու ցուցադրվել էր թե՛ Ռուսաստանում, թե՛ եվրոպական երկրներում, սակայն այլ բան է ուսումնասիրել աշխարհը, այլ բան՝ ապրել ծննդավայրում, զգալ հայրենի բնության, բառուբանի հարազատությունը, կիսել հայրենիքի շնչառությունը՝ արեւագալի ու արեւամուտի, լույս ու ստվերի հոգեպարար, խաղաղ գույներով… «Դաշտավայրն ընկղմված է խոր քնի մեջ, ծածկված մոխրագույն թանձր մառախուղով: Դա հիշեցնում է ինձ ծովը եւ, իրավ, այնքան նման է ծովին, որ անծանոթը հեշտությամբ կսխալվի: Երկինքը պարզ է եւ խաղաղ: Բնության մեջ լռություն է տիրում: Կուսական սրբություն ու վսեմություն է տիրում ամեն տեղ: Արեգակը շարունակում է բարձրանալ, աստիճանաբար տաքացնելով ծառերից ընկած ստվերները»,- այսպիսի բանաստեղծական արձակով է շնչում Բաշինջաղյանի խոսքը, երբ նա զմայլված նկարագրում է Ալազանի հովիտը։



Գեւորգ Բաշինջաղյանի հուղարկավորության ականատես Կոնստանտին Սերեբրյակովը գրում է. «Թափորի ճամփին, փայտե մի խարխուլ պատշգամբում մեկը Բաշինջաղյանի մի բնանկար էր կախել: Շրջանակի մի անկյունը սգո ժապավենով էր երիզված: Նկարը դեպի վերջին հանգրվան էր ուղեկցում իր արարչին, իսկ ինքը մնում էր, որ ապրի ու ապրի…»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»