Ներքին 2 տարի առաջ - 09:54 21-09-2024

Նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը․ Վեհափառ Հայրապետի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ անկախության օրվա առիթով: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին:

Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար դիմակայեցին բազում դժվարությունների ու նեղությունների, արձանագրեցին նշանակալի ձեռքբերումներ և առաջընթաց։

Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։

Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ Արդ, արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը։
Ապավինած Աստծուն շենացնենք մեր երկիրը հավատի, հույսի և սիրո գործերի նոր վկայություններով և մեր նվիրյալ ջանքերով իրագործենք ազգային մեր իղձերը՝ արժանի դառնալով սաղմոսերգուի օրհնաբանությանը․ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. 32:12)։

Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն:

Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան