Ներքին 2 տարի առաջ - 09:10 05-08-2024

Ուժեղ մարդու ուժեղ ցատկ էր. Կարեն Գիլոյանը՝ Արթուր Դավթյանի մրցելույթի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի մրցելույթը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ հայ մարմնամարզիկն արժանացավ արծաթե մեդալի:

«Առաջին մեդալը կա: Արթուր Դավթյանը փառահեղ ելույթ ունեցավ, ինչի առթիվ շնորհավորում եմ թե՛ Արթուրին, թե՛ մեզ բոլորիս: Արթուրը եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով, և, թեև, եզրափակչում ամեն ինչ սկսվում է զրոյից, բայց, միևնույն է, դա արդեն հոգեբանորեն ազդում էր: Եզրափակչում էլ հանդես էր գալիս վերջինը, երբ 7 մարզիկ արդեն իր ցատկն ավարտել էր՝ շատ բարձր միավորներով. պետք է կայացած հոգեբանություն ունենալ՝ այդ պահին անելու այն, ինչին ունակ ես: Արթուրը դա արեց: Շնորհակալ եմ իրեն. ուժեղ տղամարդու ուժեղ ցատկ էր»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Փարիզում Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», որտեղ երկրպագուները մեծ էկրանով հնարավորություն ունեն հետևելու հայ մարզիկների մրցելույթներին, ինչպես նաև հանդիպելու նրանց հետ:

«Սա, անկասկած, կարևոր նախաձեռնություն է, որն արդեն մի շարք դրական արձագանքներ է ստացել մեր միջազգային գործընկերներից, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Միջին Ասիայի երկրների՝ սպորտը համակարգող նախարարներից: Սա նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Արդեն մի շարք հանդիպումներ ունեցել ենք, առաջիկայում նոր միջոցառումներ ևս կլինեն»,- ասել է Կարեն Գիլոյանը և տեղեկացրել, որ վաղը՝ օգոստոսի 5-ին, «Հայաստանի օլիմպիական տանը» հյուրընկալվելու են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: ՛

Միջոցառմանը մասնակցելու են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, պաշտոնատար այլ անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մուտքն ազատ է:

«Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»